Շտապ. Չախալյանի փաստաբանն ահազանգում է իր պաշտպանյալի հանդեպ իրականացված անմարդկային վերաբերմունքի մասին
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆՆ ահազանգում է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի մասին:
«Իրավունք»-ի հետ զրույցում Թումասյանը մանրամասնեց, որ Վահագն Չախալյանը հողամասից տուն վերադառնալիս է բերման ենթարկվել, եղել է պատառոտված հագուստով ու այդպես նրան տարել են նախ Քննչական կոմիտե, ապա դատարան, թույլ չեն տվել, որ հագուստը փոխի: Այս ամենում փաստաբանը միտում է տեսնում, որ փորձել են այդ կերպ իր պաշտպանյալին դնել, մեղմ ասած, անհարմար դրության մեջ:
«Երեք օր շարունակ Վահագն Չախալյանն ամբողջությամբ զրկված է եղել տարրական հիգենայի պայմաններից: Որեւէ միջոց չի եղել, դիմել է, չեն տրամադրել, անգամ լողանալու իրավունքից են զրկել՝ այս ամառվա տապին: Նույնիսկ երեխաների հետ տեսակցության իրավունքից են զրկել՝ այն դեպքում, երբ դատարանը նման արգելք չի դրել: Որդին ցանկացել է տեսակցել, թույլ չեն տվել: Բացի այդ որեւէ իր թույլ չեն տվել փոխանցել նրան», - ասաց Թումասյանը:
Փաստաբանը բարձրաձայնել է այս խնդիրների մասին նաեւ պատկան մարմիններին, որից հետո՝ միայն իրավիճակը շտկվել է:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանը կալանավորված է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

