Տարիների ընթացքում մեր հանրությունը այս իշխանության համար դարձավ՝ «պողոսներ», «համբալներ». Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականԵրեւանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր, ով վիրավորել էր «Օփել» մակնիշի վարորդներին: Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետի հորը 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ Այս թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:
— Ձեր խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր ավարտվեց վերջինիս պարտությամբ: Ի՞նչ եք կարծում՝ վերաքննիչ դատարան կհասնի՞ այս գործը:
— Հերթական անգամ դատաիրավական հարթության վրա «Մայր Հայաստան»-ը հաղթանակ տարավ ՔՊ-ի նկատմամբ: Դա արդեն օրինաչափություն է դարձել, որ բացի հնչած քաղաքական գնահատականներից, մենք նաեւ իրավական տիրույթում ենք, թե՛ հանրային առումով, թե՛ քաղաքական ուժերի, եւ ի ցույց ենք դնում, թե իրականում յուրաքանչյուր քաղաքական ուժի դրդապատճառները որոնք են, ու իրականում ինչ կա թաքնված այդ ամենի տակ: Այդ առումով, վիճակագրությունը աննախադեպ է: Ոչ միայն այս ավագանու գումարման համար, այլ առհասարակ Երեւան քաղաքի ավագանու գործունեության մեջ: Ուրիշ մեկ այլ խմբակցություն այս չափով իրավական հաղթանակներ՝ գործող իշխանությունների հանդեպ չի գրանցել:
Այս ամենից պարզ երեւում է, որ այս իշխանությունները, քաղաքականից բացի, նաեւ ինչ բարոյական նկարագիր ունեն եւ ինչպես են վերաբերվում իրենց ասած սիրո եւ համերաշխության, հպարտության առջեւ խոնարհվողներին: Տարիների ընթացքում մեր հանրությունը դարձավ՝ պողոսներ, համբալներ եւ չգիտեմ՝ նմանօրինակ էլի ինչ-որ անվայելուչ կերպարներ: Մեր հանրությունը, ի թիվս անվտանգային եւ պետական կառավարման այլ տապալումների, պիտի արձանագրի, որ այս իշխանությունները նաեւ բարոյապես են դեգրադացված, եւ այս իշխանությունների հետ ապագայում որեւիցե ակնկալիք ունենալն անհեռանկար գործընթաց կլինի: Այնպես որ, կարելի է ասել, իրավական հաղթանակները բերում են նաեւ այն հանրային մթնոլորտի գեներացումը, որ քաղաքական գնահատականներից զատ, որոնք գուցե որոշ դեպքերում հնչեն սուբյեկտիվ, նաեւ իրավական տիրույթում է երեւում՝ ով ով է, ով ինչով է առաջնորդվում:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին Վերաքննիչ կդիմեն, թե՝ ոչ, այսպես ասեմ՝ եթե նայենք մեր նախորդ դատական հաղթանակների վիճակագրությանը 2024-2025 թթ.՝ կարմիր կետագծերի մասով, մեր ավագանու անդամին մանդատից զրկելու հետ կապված, հիմա էլ «Օփելի» վարորդների հետ կապված, եթե իրենք անդադար դիմում են Վերաքննիչ, նշանակում է, որ իրենց օրոք առաջին ատյանի բոլոր դատավորները, որոնք որոշում են կայացրել ի վնաս ՔՊ-ի, իրավապես անգրագետնե՞ր էին: Իհարկե՝ ոչ: Չի՛ կարող այդպես լինել՝ համատարած, անարդար դատական որոշումներ, հետեւաբար արդեն գործ ունենք փաստի եւ վիճակագրության հետ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

