Մի փոր հացի համար ընտրում են լռությունը՝ չհասկանալով դրա հետեւանքները. Ռաֆայել Գրիգորյան
Մշակութային«Իրավունք»-ը շարունակում է անդրադառնալ «չխոսկան» արվեստագետներին եւ «խոսկաններից» փորձում հասկանալ լռության պատճառները՝ ակամայից հիշելով ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի մի հայտարարությունը, որն անմիջապես կապ ուներ մշակութային գործիչների, ինչպես նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կասկածի դակ դրեց Հայոց ցեղասպանության հարցը: Այդ ընթացքում, ինչպես եւ հիմա, երբ թիրախավորված է Հայ Առաքելական եկեղեցին, շատերը փորձեցին լռել: Սակայն, Ղուկասյանի հորդորից հետո, որը հնչեց ավելի քան կոպիտ, շատ-շատերը գրառումներ կատարեցին եւ հիշեցրին իրենց արմատների մասին՝ «Պապերս վանեցի են», «Ես մշեցու թոռ եմ» եւ այլն: Հիմա քանի որ չկա զսպող օղակ եւ խայտառակվելու վախ, ոչ ոք, կարծես, չի հիշում, որ քրիստոնյա է եւ Առաքելական եկեղեցուն առնվազն չի հայտնում իր աջակցությունը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (GRafSer) հետ:
— Եկեղեցու եւ հոգեւորականների վրա եղավ հարձակում, սակայն շատ մշակութային գործիչներ ձայն անգամ չհանեցին: Ի՞նչ է, պետք է անպայման Վարդան Ղուկասյանը վախեցնի, որ նոր խոսե՞ն:
— Կարծում եմ, որ վախի մթնոլորտը հիմա ավելի է ուժեղացել, քանի որ այն սաստողը գոնե հեռահար կերպով կարողանում էր ազդել մարդկանց գիտացության վրա, նա այսօր անազատության մեջ է, իսկ այս բոլոր պստլոներն ավելի են ուժեղացել, ինչն ավելի է առաջացնում վախ: Այս մասսան, որոնք իրենց կոչում են մշակութային գործիչներ, իհարկե, խոսքս բոլորին չէ վերաբերում, ավելի շատ կախման մեջ են, որովհետեւ եթե ինչ-որ մի բան ձեռնարկեն, խոսեն կամ բողոքեն, նրանց ուժային կերպով չեն պատժի, բայց նրանք այլեւս կդադարեն խաղալ, երգել, նկարահանվել եւ այլն: Այս բոլոր մտավախություններն են պատճառը, որ շատերը լռում են եւ մտածում են` դեռ ժամանակը չէ խոսելու:
— Այսինքն՝ իրենց օրվա հացն ու դերը վե՞ր է հայրենիքից ու եկեղեցուց:
— Ինձ թվում է, այսօր գերիշխում է այդ գիտակցությունը: Մի փոր հացի համար մարդիկ անգիտակցաբար, թե գիտակցաբար ընտրում են լռությունը՝ չհասկանալով դրա հետեւանքները, որը շտկելը հետո շատ դժվար է լինելու:
— Հասանք նրան, որ եկեղեցուն «չուլան» անվանեցին, վարչապետի կինը մարդկանց «ոջիլ» անվանեց: Լրիվ անպատժելիության մթնոլորտ է: Էլ ի՞նչ պիտի անեն, որ մշակութային գործիչները ոտքի կանգնեն:
— Գիտեք, մեզ ուժեղ առաջնորդ է պետք՝ հավատ ներշնչող, երկաթյա կամքով առաջնորդ: Ասում են՝ անհատը պատմություն չի ստեղծում, պատմությունը ստեղծվում են ժողովրդական մասսաները եւ այլն, սակայն պատմությունը քանի անգամ ապացուցել է, որ առանց առաջնորդի, առանց ուղղորդողի, առանց ուղեղի, ոչինչ չի լինում: Տեսա՞ք` ինչ տեղի ունեցավ: Բագրատ սրբազանը մի փոքր հաճո խոսք հնչեցրեց, գործողություններ արեց, որը հոգեհարազատ էր ժողովրդին, անմիջապես ժողովուրդը ոտքի կանգնեց: Հիշենք, թե հրապարակում ինչքան մարդ կար հավաքված, սակայն, ցավոք, կրկին հուսախաբ եղանք: Գիտեք, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ շատ ուժեղ եւ հանճարեղ մարդ է, կա՛մ հակառակը: Ինչո՞ւ, որովհետեւ նման բան դեռ տեղի չի ունեցել՝ հայ ժողովրդի գլխին սարքել հազար տեսակ ինտրիգներ, բայց մարդիկ մի տեսակ գիպնոզացված վիճակում զգան իրենց: Սա կարողանում է` ինչ ուզի անի եւ մարսի: Զարմանալի եւ ցավալի է:
Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա ասեմ, որ այս անտարբեր վիճակը նաեւ ապացուցում է այն փաստը, որ եթե մարդ վեց ամիսը մեկ եկեղեցի է գնում, դա դեռ չի նշանակում, որ նա հավատացյալ է, որ նա իր ազգային եկեղեցու հետեւորդն է: Սա ապացուցում է, որ դա էլ իր տեսակի մեջ միֆ է, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ժամանակ Ավետարանն է իր հետ վերցրել եւ փախել, որ Ավետարանը փրկեն: Մենք այսօր հասել ենք այն կետին, որ մեր այժմյան ժողովուրդը դեռ լիարժեք չի գիտակցում, թե ով է եւ ինչի համար է հավատքն ու կրոնը:
— Բայց գտնվեցին իրական հայորդիներ, ովքեր իրենց անհամաձայնությունը հայտնեցին, ինչի համար եւս կալանավորվեցին, իսկ ով էլ չկալանավորվեց, այնուամենայնիվ, շարունակում է պայքարել…
— Եվ ի՞նչ: Ի՞նչ արդյունք: Ամենային անկեղծությամբ եմ ասում, այս իրավիճակից ելնելու համար Վարդան Ղուկասյան է պետք, որպեսզի գործը հասցվի ավարտին: Միայն մեկ հույս ունեմ, ողջ հոգով ու իմ գիտակցականով, որ Ղուկասյանը ողջ եւ առողջ նորից դուրս գա եթեր: Ես հավատում եմ, որ այդ ժամանակ կսկսվի իրական դարաշրջանը հայ ժողովրդի համար: Առաջին հերթին ներքին քաղաքականությունը պետք է դարձնել գերակա հանգամանք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=317699&l=am/

