Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ իրականում Նիկոլ Փաշինյանը խաղում է «Մեծ թուրքական» նախագծի վրա. «Ցարգրադ»
Միջազգային«Ցարգրադ» ռուսական ազգայնական ուղղվածության ռեսուրսը վերլուծում է մեզ համար կարեւորագույն դարձած հարցադրումը, թե ու՞մ հետ է Փաշինյանը խաղում` հանգելով ազրակացության. «Նոր տարածաշրջանը «հանձնվելու» է սպասում»: Ըստ աղբյուրի.
«Ղարաբաղի կորուստը Հայաստանի կողմից կարող է լինել ավելի լայն աշխարհաքաղաքական ծրագրի միայն մի մասը։
Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «եվրաինտեգրացիայի» մասին, խաղում է «Մեծ թուրքական» նախագծի վրա՝ Ռուսաստանի հարավում չընդհատվող «թյուրքական գոտու» ստեղծում, որին կհաջորդի Ռուսաստանի դուրսբերումը Անդրկովկասից, Կենտրոնական Ասիայից և, վերջապես, մեր երկրի «թյուրքալեզու» շրջաններից։
Եվ Սյունիքի մարզը այս ռազմավարության մեջ կարող է դառնալ առևտրի առարկա, ասում է «Ցարգրադի» սյունակագիր Վլադիմիր Խոմյակովը։
Հայաստանն Իրանի հետ կապող տարածքը տարածաշրջանում Թուրքիայի վերջին «ուժի կենտրոնի» այլընտրանքն է։ «Դրա կորուստը և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ուղիղ ուղու վերածվելը, ըստ էության, զրկում է Հայաստանին թուրքերին չենթարկվելու միակ այլընտրանքից, ինչպես նաև ավտոմատ կերպով այն ներառում է «հակաիրանական դաշինքի» մեջ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, որոնք կանգնած են նրանց ետևում», - նշում է Խոմյակովը։
Փորձագիտական համայնքում կարծիքներ կան, որ հենց նման աշխարհաքաղաքականության պատճառով է, որ Երևանից վերջնագրեր են ուղարկվում ՀԱՊԿ-ին: Փաստորեն, Փաշինյանը ՀԱՊԿ-ին ընտրության առաջ է դնում. կա´մ հստակորեն հաստատել իր ռազմական պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, կամ Հայաստանը «կպառկի» Թուրքիայի տակ»:
Ի դեպ, այստեղ պետք է նաեւ հիշել, որ նույն ռուսական ազգայնականությունն ընդեմենը ամիսներ առաջ Ադրբեջանին համարում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը` կարծելով, որ Արցախը հանձնելուց եւ Նիկոլի եվրոպամետ քայլերից հետո Բաքվի միջոցով կկարողանան իրավիճակը պահել վերահսկողության տակ: Ու դա այն դեպքում, երբ ինչպես Հայաստանից, այնպես էլ` Ռուսաստանից տարբեր աղբյուրներ էին գնահատում, որ Ալիեւը, ով լավ խաղում էր ռուսների հետ, իրականում ունի բոլորվին այլ շահեր եւ ռազմավարական գնահատումները: Բայց որ գոնե հիմա են ռուսական քաղաքականության վրա աճող ազդեցություն ունեցող ազգայնականները սկսել ավելի լավ տեսնել Ալիեւի իրական կերպարը, դա էլ վատ չէ:

