Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվեց
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ կալանավորվեց երկու ամսով։ Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Այսպիսի որոշում կայացրեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
«Հերթական քաղաքական պատվերն է: Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել», - ասաց Չախալյանի պաշտպաններից փաստաբան Ալիկ Թումասյանը:
Ուշագրավ է այն, որ նույն դատավորը նախորդ տարի մեկ այլ շինծու քրեական վարույթի շրջանակում Վ. Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը: Իսկ հետո հենց այդ գործով Վերաքննիչ դատարանն արդարացրեց Չախալյանին:
Ի դեպ, «Իրավունք»-ը Վ. Չախալյանի պաշտպաններից հետաքրքրվեց, թե քննության ընթացքում ինչ֊որ նոր հանգամանքներ, փաստեր ի հայտ եկե՞լ են, ինչին ի պատասխան փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշեց հետեւյալը. «Եկեք նախաքննության հետ կապված մենք որեւիցե բան չհրապարակենք` հաշվի առնելով գաղտնի լինելու հանգամանքը, բայց ասենք, որ այն, ինչ ներկայացված էր դատարան՝ որպես փաստական հիմքեր, կոնտեքստից դուրս վերցված որոշակի բառակապակցություններ էին: Հետեւաբար, մեր կողմից հայտնած առարկությունները դատարանը հաշվի պետք է առներ։ Եթե, որպես այդպիսին, միայն այդ փաստական հանգամանքները բացառենք, ապա գործում առկա որեւիցե այլ հիմքեր չկան, որ Վահագն Չախալյանը ահաբեկչություն կամ իշխանության յուրացման հանցակազմով արարք է կատարել»։
Թե ինչու այդքան երկար տեւեց կալանքի միջնորդության քննությունը, փաստաբան Խաչիկյանն անկեղծացավ. «Որովհետեւ պաշտպանական կողմի հարցերը շատ֊շատ էին եւ հարգարժան քննիչ էլ փորձում էր խուսանավել այդ հարցերին հստակ պատասխան տալ»:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

