Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից. Սաղաթելյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ «կաթողիկոսին պետք է դուրս շպրտել Վեհարանից» հայտարարության՝ պետք է նման հայտարարություն անողին դուրս շպրտել:
— Չափ, սահման, չկա. սա լկտի, շեղված, անբարոյական պահվածք ու բառապաշար է: Սրբապիղծ մարդիկ են, դրանց ինչ մեկնաբանեմ: Եթե կա մեկը, ում պետք է դուրս շպրտել, դա Նիկոլ Փաշինյանն է: Ես վաղուց արդեն իրենց քայլերից ու հայտարարություններից չեմ զարմանում: Նրանք ամեն բանի պատրաստ են՝ հանուն իրենց իշխանությունը պահելու: Քանի որ իրենք ո՛չ հայրենիք ունեն, ո՛չ սրբություն, ո՛չ էլ որեւէ արժեք: Ես կարծում եմ` մեր ժողովուրդը կանգնած է եկեղեցու կողքին, եւ պետք է ամուր կանգնել, սառը, հաշվարկված քայլերով գնալ առաջ եւ սրանց սադրանքներին ու էմոցիաներին տեղիք չտալ:
— Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ՝ պետականության դեմ ուղղված քայլ անելու փորձ է եղել, որը կանխել են….
— Իրենք իրենց իշխանությունը պահելու համար ներկայացնում են, թե պահում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պետականությունը: Իրենք ՀՀ պետականության թշնամիներն են: Տեսեք 7 տարվա մեջ ինչ են արել մեր գլխին, նրանք ինչպես կարող են պաշտպանել: Հակառակը` Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմից, քանի որ իրենք վտանգ են ներկայացնում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

