ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԸ ՍՐԵՑ ՆԻԿՈԼԻ ՀԱՆԴԵՊ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՆԵԳԱՏԻՎԸ
ՄիջազգայինԵթե իրոք իրանա-իսրայելյան պատերազմն այս դիրքերից գնա հանդարտեցման, Թեհրանի համար դա միանշանակ ձեռնտու լուծում է: Ամեն դեպքում, ներկա դինամիկան շատ նման է, որ տանում է առնվազն արժանապատիվ խաղաղության, որն ընդհանուր տարածաշրջանի համար կարող է բավականին ուշագրավ նոր իրողություններ առաջացնել:
Երեկվա դրությամբ Իսրայելը հայտարարում էր, թե՝ լուծել է բոլոր խնդիրները եւ դադարեցնում է կրակը: Իրանն իր հերթին է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակով իրեն հռչակում հաղթող կողմ: Թրամփը նորից «մեծ խաղաղարարի» դիմակ է հագել: Մոսկվան իրավիճակին իր մասնակցության մասին ակնարկ անգամ չի հնչեցնում: Բայց բոլորն են հասկանում՝ այս պատերազմի ավարտը ոչ-ոքի դարձավ. մի քանի օբյեկտ այստեղ է ավել ոչնչացել, կամ՝ այնտեղ, դա չէ չափանիշը: Այլ որ կողմերը, խոշոր հաշվով, որոշեցին, որ հետագա կռիվն անիմաստ է, եւ դա է, որ նշանակում է ոչ-ոքի արդյունք:
Բայց եթե իրոք այս ընթացքը կարողանա տանել ինչ-որ մեխանիզմով խաղաղության հաստատման, ապա Իրանը կարողանում է ներկայանալ մի պետության կերպարով, որը, բացի հռետորաբանությունից, կարողացավ իրական հողի վրա «քյալլա տալ» ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ եւ առնվազն չպարտվել: Իսկ դա նշանակում է, որ ռազմական առումով Իրանի համար ոչ-ոքին տարածաշրջանային քաղաքական դաշտում նրա համար հաղթանակի արժեք ունի. տարածաշրջանի որեւէ այլ պետություն դեռ ԱՄՆ-ի հետ նման արդյունքով պայքարի մեջ չի մտել:
Բայց անցնենք կովկասյան ուղղությանը, ավելի կոնկրետ, թե Իրանի շուրջ այս իրավիճակն ինչ է ենթադրում: Այն, որ Իլհամ Հեյդարովիչն ուներ Իրանի հաշվին իր տարածքների ընդլայնման գոնե երազանքներ, դա քանիցս հիմնավորվեց, ամեն դեպքում, Իրանում այդ ենթադրությունները կան: Իսկ Թուրքիայի մոտ, թեեւ Իրանին աջակցելու երդումներ քանիցս հնչեցրին, սակայն նույնքան պարզ տեսանելի էր թուրանական գաղափարախոսության որոշակի նոր ալիք: Ամեն դեպքում այն, որ Իսրայելի հարվածների առաջին փուլում Բաքուն չհապաղեց հրապարակային օրակարգ բերել «Զանգեզուրի միջանցքի» թեման, դա նշված ծրագրերի մասին առավել քան թափանցիկ ակնարկ էր:
Ու հիմա այնպես չէ, որ Իրանի չպարտվելը տարածաշրջանային իրողությունները պարզապես վերադարձնում են այն վիճակին, որ մինչ այս կար: Հաշվի առնելով, որ տեղի ունեցածը պետք է որ Իրանի, ասենք նաեւ՝ Մոսկվայի համար մի քանի առումներով դաս դառնա: Նախ, Թեհրանում երեւի հաշվարկել են, որ եթե Սյունիքում լիներ թուրք-ազերիական վերահսկողություն, ապա այս ամենը կարող էր Իրանի համար շատ ավելի բարդ ընթացք ստանալ: Թեկուզեւ այն առումով, որ Իրանի հյուսիսային հատվածի թյուրքական տարրին ակտիվացնելու Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան թեւի հնարավորությունները շատ ավելի գործնական կդառնային: Եվ այն, որ ներկա արդյունքները Իրանին հնարավորություն են տալիս էլ ավելի ուժեղացնել, եթե ոչ՝ կոշտացնել Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ ուշադրությունը, թերեւս ներկա իրավիճակից բխող ամենատրամաբանական հետեւանքներից մեկն է լինելու:
Մյուս կողմից էլ այն, որ Մոսկվան եւս սկսեց խոսել «Իրանին միջուկային զենք տալու» բառապաշարով, գալիս է հուշելու, որ Ռուսաստանի համար իրանական ուղղությունը դառնում է էլ ավելի կարեւոր: Դա բնական է. եթե մինչ այս «Իրանի հետ պատերազմ» գաղափարը տասնամյակներ շարունակ ինչում էր եւ տեսական հնարավորության ընկալում էր ստացել, ապա հիմա պարզ դարձավ, որ այն միանգամայն գործնական հողի վրա է: Իսկ այն, որ Իրանի պարտությունը Ռուսաստանի համար կարող է ամենածանր հետեւանքներն ունենալ, անզեն աչքով էլ է տեսանելի: Եվ դա նշանակում է, որ կովկասյան ուղղությունը, որպես Իրան տանող միջանցք, սկսում է շատ ավելի առանցքային իմաստ ստանալ:
Այս նոր իրողությունները, իհարկե, շատ լավ հասկանում են նաեւ Անկարայում եւ Բաքվում: Նախ, սկսում է հասկանալի դառնալ նաեւ, թե ինչ հաշվարկներից ելնելով էր Ալիեւը տեւական ժամանակ այսպես սրում Մոսկվայի հետ իր հարաբերությունները: Այսինքն, որ Ալիեւը երկար ժամանակ տեղեկացված էր Իսրայելի գործողություններից, միգուցե վստահ էր հաջողության հարցում եւ կամաց-կամաց պատրաստվում էր դրան՝ թուլացնելով Մոսկվայի ազդեցության լծակները: Բայց ահա, երբ Իրանը չպարտվեց եւ չմասնատվեց (գոնե այս պահին), իսկ Թրամփն էլ, միգուցե ակամա, բայց ընդունեց Մոսկվայի միջնորդությունը, Ալիեւի համար դառնում է լուրջ խնդիր: Առավել եւս, որ ստեղծվել է հարցերը զենքով լուծելու իրողությունը, ընդ որում, եթե Թրամփը պատրաստ է մինչեւ վերջ կանգնել Իսրայելի կողքին, ապա մեծ հարց է, որ դա կանի նաեւ Ալիեւի համար:
Էրդողանը, միգուցե դեռ կպաշտպանի «փոքր եղբորը»: Միայն թե նրա համար առաջանում է շատ վտանգավոր իրավիճակ: Այն է՝ չլուծելով իրանական հարցը, ԱՄՆ-Իսրայելը, մեծ հավանականությամբ, կարող են անցնել տարածաշրջանային «Բ» պլանին՝ Քուրդիստանի ստեղծման սցենարին` որպես Իսրայելի համար «անվտանգության բարձիկ»: Ու չկարողանալով Քուրդիստան ստեղծել նաեւ Իրանի հաշվին, հիմա կարող են խաղարկել Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի հաշվին ստեղծելու տարբերակը: Ընդ որում, այս մեխանիզմը կարող է միացվել շատ արագ, հաշվի առնելով նաեւ, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին քրդական գործոնն արդեն իսկ օրակարգից դուրս բերվեց, եւ հիմա դժվար թե այն նորից սառեցնեն:
Իսկ ահա Նիկոլի համար բարդ վիճակ է ստեղծվում: Միգուցե ենթադրելով, թե Մոսկվան ցանկանում է իրեն «թախտից գցել», Նիկոլը վազեց Թուրքիա: Դա, ըստ էության, նշանակում էր Էրդողանին տարածաշրջանային «հարց լուծող» ճանաչել: Այսինքն՝ «հավատարմության երդում» նրա բոլոր ծրագրերին՝ թյուրքիզմով եւ նման բաներով հանդերձ: Միգուցե Նիկոլը կարծում էր, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանը կշտապի կապիտուլացվե՞լ, որի դեպքում, իրոք, Էրդողանի ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ կավելանար: Թե՞ պարզապես տանիքի փնտրտուքի մեջ է՝ ինքը կիմանա: Եթե այդ հաշվարկներն էին, ապա նշանակում է, որ Նիկոլը հերթական կոպիտ սխալը թույլ տվեց. տարածաշրջանի «հարց լուծողի պաշտոնի» համար Էրդողանի դիրքերն այս պահին նույնիսկ ավելի թույլ են, քան պատերազմից առաջ էր: Ու, միաժամանակ, իր նման քայլով սրեց այն նեգատիվը, որն առանց այդ էլ իր հանդեպ կար ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Թեհրանում: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում նաեւ հակաեկեղեցական արշավն ու ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:
Մի խոսքով, ամեն ինչ ակնարկում է այն մասին, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ տրանսֆորմացիաների շեմին: Բայց նաեւ տեսնենք, թե Իրան-Իսրայել խաղաղությունը որքանո՞վ կայուն կդառնա:

