«Փաստ». Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին պարբերաբար թե՛ անհեթեթ, թե՛ անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ: Դե, օրինակ՝ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից: Սակայն Սամվել Կարապետյանի հետ կապված (չի բացառվում նաև եկեղեցականների հետ կապված), ամենայն հավանականությամբ, այն աստիճան ապօրինի, կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր պատճառ բերել «մի քիչ հանգստանալը»՝ «չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց» հավատ չներշնչող ձևակերպմամբ, բայց փաստը մնում է փաստ:
Հանուն արդարության, պետք է նշել, որ կան տեղեկություններ, թե նրա հրաժարականը վաղուց էր նախատեսվում, ընդ որում, հասկանալի է՝ այլ պատճառներով, սակայն այն, որ դա եղավ հենց Եկեղեցու և Սամվել Կարապետյանի վրա հարձակման կոնտեքստում, խոսում է մի քանի կարևոր հանգամանքի մասին: Նախ՝ ԱԱԾ տնօրենը, բնականաբար, ամենատեղեկացված անձանցից է, տիրապետում է ահռելի ինֆորմացիայի, այդ թվում՝ գործող իշխանությունների իրական շրիշակային վարկանիշի և արտաքին ակտորների՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի առումով: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հիանալի հասկանում է, որ Փաշինյանի «նավը» խորտակվում է: Կա նաև Փաշինյանի՝ առաջիկայում Թուրքիա մեկնելու հանգամանքը, ինչի հետ կապված ևս, Աբազյանը, բնականաբար, շատ ավելի տեղեկացված է: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում իրավապահ կառույցներից, այդ թվում՝ ԱԱԾ-ից էլի են լինելու հրաժարականներ: Սա նշանակում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը, որը վաղուց կորցրել է «ժողովրդական» հենարանը, կորցնելու է նաև իր վերջին հույսն ու հենարանը՝ իրավապահ համակարգը: Իշխանական կուլիսներում խոսում են, որ նույնիսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի շատ սակավաթիվ հավատարիմներից, չի կարողանալու վերահսկել ԱԱԾ-ն, որտեղ մեծամասամբ արհեստավարժ, փորձառու, պետությանը նվիրված սպաներ են, որոնք հազիվ թե հանդուրժեն Նիկոլ Փաշինյանի՝ այս աստիճանի ապօրինի քաղաքական հրամանները:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

