Շենգավիթի նախկին թաղապետի հայրը որդու կալանավորման մասին բացառիկ մանրամասներ է ներկայացնում
ՆերքաղաքականՇենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո՝ կալանավորվել է: Ըստ շրջանառվող լուրերի, նա Շենգավիթի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի է ենթարկել եւ նրա ազատությունը սահմանափակել, որն էլ պատճառ է հանդիսացել նրա երկու ամսով կալանավորվելուն: Ի՞նչ է իրականում կատարվում, «Իրավունք»-ը տեղի ունեցածի մասին զրուցել է Ռազմկ Մկրտչյանի հոր՝ իրավապաշտպան ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
«ՏԻԳՐԱՆ ԿՈՉԵՑՅԱԼԸ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՁԱՅՆԱԳՐԵԼ ԵՎ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է»
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր որդու՝ Ռազմկ Մկրտչյանի կալանավորումը:
— Այս հարցն այժմ գտնվում է իրավաբանների տիրույթում, սակայն ես ներքին համոզմունք ունեմ, որ այն ինչ գրված է եւ ներկայացված է, չի համապատասխանում իրականությանը: Քննությունը մնացածը կպարզի: Սա պատճառ չի հանդիսանում, որ մենք այսօր բոլորին մեղավոր ճանաչենք ու մեզ արդարացնենք: Կա մի իրականություն՝ բան է եղել եւ հիմա գործընթացները գնում են:
— Ըստ լուրերի, Ձեր տղան հարվածել է Տիգրան Մակարյանին եւ պահել անազատության մեջ: Դրան ի՞նչ կասեք:
— Ես այդքան էլ իրազեկված չեմ, դա փասատտաբանների հարցն է: Գործի քննությունը վարում է քննչական մարմինը, եւ ես տեղյակ չեմ, թե ինչ է եղել: Բայց մի մեծ դրական եւ շատ լավ բան կա. նույն այդ Տիգրան կոչեցյալը այդ ամենը ձայնագրել եւ նկարահանել է: Այդ նկարահանվածն արդեն իրավաբանների մոտ է: Ինչ կատարվել է, մենք վստահաբար ասում ենք, որ կա բարոյական կողմ՝ մարդուն հասցնելու մի կետի: Սա մեզ համար պատճառ չի կարող հանդիսանալ, որ մենք դուրս գանք եւ հրապարակավ ավելորդ բաներ դուրս տանք:
«ԻՄ ՈՐԴԻՆ ԷԼ, ՀՈ 100 ՏԱՐԻ ՉԷՐ ՄՆԱԼՈՒ ԹԱՂԱՊԵՏ»
— Ասում են՝ ՔՊ-ն դուրս է եկել Ռազմիկ Մկրտչյանի դեմ…
— Ես չեմ կարող նման արտահայտություն անել: Անկախ ամեն ինչից իմ որդին այդ թիմում էր, եւ նա իր թիմին մինչեւ վերջ պահել գիտի ու վստահ եմ՝ պահելու է մինչեւ վերջ: Իսկ եթե կան մարդիկ, որոնք նման ձեւակերպում են անում, դա իրենց խնդիրն է, մերը չէ: Ես ՔՊ-ի անդամ չեմ եւ լինելով հասարակական գործիչ, իրավապաշտպան, այդ ամենն ավելի առողջ եմ դատում, եւ իմ գիտելիքներն ինձ թույլ չեն տալիս իջնել շրիշակից ցածր մակարդակի եւ նման արտահայտություններ անել, ինչպես ոմանք: Այսօր ամեն երկրորդը, որ մեզ փողոցում հանդիպում է, ասում է՝ տես, հերթը ձեզ հասավ, որ դուք այդքան նվիրված էիք իշխանությանը… Մենք շարունակելու ենք մնալ նվիրված պետությանը, որովհետեւ ցանկացած իշխանություն գալու է եւ գնա, եւ որպես պաշտոնատար անձ, իմ որդին էլ, հո 100 տարի չէր մնալու թաղապետ, իսկ պետությունը մնայուն է: Հիմա փորձում են այլ կոնտեքստում սա դիտարկել, ես լուրջ չեմ ընդունում: Կան տեսախցիկներ, որտեղ ֆիքսվել է՝ ով որտեղ է եղել, քանի րոպեյում ուր է հասել ու այդ ամենն այժմ գտնվում է իրավաբանների ձեռքում: Սա շատ արագ կհանգուցալուծվի: Մենք բողոքարկում ենք կալանավորումը:
— Որպես իրավապաշտպան՝ ի՞նչ կասեք այն մասին, որ մարդուն հարվածելու համար երկու ամսով կալանավորում են, գուցե կան այլ, ավելի ծա՞նր պատճառներ:
— Գիտեք, իմ մոտ տպավորություն է, որ իրենց թիմը փորձում է առավելագունը ճշմարտությունը բացահայտել:
— Իրենց թիմ ասելով ո՞ւմ նկատի ունեք, Ռազմիկի՞ թիմը, Մակարյանի՞ թիմը, ի՞նչ թիմի մասին է խոսքը:
— Նույն կուսակցությունից են նրանք երկուսն էլ, ես նկատի ունեմ իրենց կուսակցությունը ցանկանում է առավելագույնը հասկանալ տեղի ունեցածը: Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ ասեմ՝ այո, իրավացի եք, մենք 2 ապտակի համար, մարդուն կալանավորել վերջին 15 տարում չենք տեսել:
«ՌԱԶՄԻԿԸ ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎԷ ԿՈՂՏՈՏ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄԵՋ»
— Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այլ իրադարձություններ են տեղի ունեցել, թե՞ սա հետապնդում է Ռազմիկի նկատմամբ:
— Չէ, այլ իրադարձություններ չի եղել: Բացառում եմ նման բաները: Ես այդքանով եմ իրազեկված, որքանով ընդհանոր խոսակցություններն են, գործի մանրամասներին չեմ տիրապետում: Բայց կասեմ՝ այլ բան լինել չի կարող, այնտեղ ինչ կա՝ կա: Դա է ճշմարտությունը: Ասեմ, որ սա մեր ընտանիքի ավանդույթն է, մենք ամեն բանին տղայական դիմադրելու ենք, պայքարելու եւ ապացուցելու ենք եւ ամեն մի չխկոցից չենք գնալու ու հայտարարություն անելու: Իրականում, ես շատ ուրախ եմ, որ այդ Տիգրանը նախապես պլանավորել էր, թե ինչպես Ռազմիկին ձայնագրի: Դա հօգուտ մեզ է՝ «ռակաշետով», հպանցիկ գալիս եւ մեր շահեկան վիճակն է ստանում, որովհետեւ ես իմ որդուն շատ լավ եմ ճանաչում:
— Այս պահին Ռազմիկ Մկրտչյանը որտե՞ղ է գտնվում:
— Հիմա տղաս ժամանակավոր մեկուսարանում է: Մենք բողոքարկել ենք եւ վերանայման հարց ենք դրել: Նաեւ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, որ Ռազմիկը որեւէ կերպ չի խոչընդոտի իրավաբանների գործունեությանը: Ռազմիկին եթե մեկ անգամ զանգեն, նա կգնա, կներկայան: Ես հպարտանում եմ, որ ունեմ Ռազմիկ Մկրտչյանի նման որդի, առհասարակ իմ զավաներով եմ հպարտանում՝ ե՛ւ դաստիարակությամբ, ե՛ւ որպես հայ տղանարդ տեսակով: Նա 7 տարի եղել է Շենգավիթի թաղապետ եւ հասարակության աչքերում ունեցել է բարձր գնահատական: Չի եղել որեւէ կողտոտ սխեմաների մեջ, ինչպես տեսնում ենք, որ ոմանք կան: Եվ իր տղայական վարքագիծը իմ համար ընդունելի է: Երբ ես մեկնեցի 44 օրյա պատերազմի, Ռազմիկն անմիջապես իմ հետեւից եկավ, չնստեց տանը: Մեր համար պետությունը առաջնային է, դա մեր ընտանիքի ավանդույթն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

