Չինաստանը եւս դատապարտել է Իսրայելին
ՄիջազգայինՊեկինը դատապարտում է «Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումները» և «դեմ է հակամարտությունների սրմանը և ընդլայնմանը»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ելույթ ունենալով՝ Չինաստանի դեսպան Ֆու Կոնգն ասել է, որ Չինաստանը «խորապես մտահոգված է Իսրայելի համապատասխան գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով»։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական արկածախնդրությունները և խուսափել լարվածության հետագա սրումից», - ասել է Ֆուն։
Չինաստանը «միշտ հանձնառու է եղել Իրանի միջուկային հարցի խաղաղ կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, և դեմ է ուժի կիրառմանը և անօրինական միակողմանի պատժամիջոցներին, ինչպես նաև խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումներին»։
«Իրանի՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմի, իրավունքը խաղաղ օգտագործել միջուկային էներգիան պետք է լիովին հարգվի», - հավելել է չինացի դեսպանը։

