Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան
ՀասարակությունՄեծ տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։
Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։
Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ (որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ։

