Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս ընդհանրապես հայը եւ մարդը ինչպիսին պիտի չլինի. Սուրեն Պետրոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՐՈՍՅԱՆԻ հետ` պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն ստեղծված քաղաքական իրավիճակի, իմպիչմենթի եւ գալիք ընտրությունների վերաբերյալ:
— «Հայաստան» խմբակցությունը ստորագրում է, բայց ըստ էության, չի միանում «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին: Եթե ոչ անվստահության գործընթաց, ապա էլ ի՞նչ կարող է առաջարկել խորհրդարանական ընդդիմությունն այսօր:
— Չեմ կարող ասել, թե ինչ է առաջարկելու: Ինձ առանձնապես հետաքրքիր էլ չէ, որովհետեւ իրենց ընդհանրապես ընդդմություն կոչելն է սխալ, քանի որ Հայաստանում կա փոխհամաձայնեցված խմբիշխանություն: Իրենք երկրի ներսում, ներկայիս իշխանության բացառապես միակ հենարանն են: Այստեղ իշխանության դեմ պայքարի հարց ընդհանրապես չկա: Կա պայքար ընդդիմության մեջ առաջին տեղը զբաղեցնելու համար: Հետեւապես, բոլոր այս գործընթացների՝ իմպիչմենթ եւ այլն, դրանք ուղղակի կեղծ օրակարգեր են:
— Այդ դեպքում՝ որքանո՞վ եք իրատեսական համարում սպասելը՝ մինչեւ 2026 թվականը եւ փորձելն ընտրություններով Փաշինյանին հեռացնել:
— Փաշինյանին հեռացնելու համար պետք է հասանալ, որ թիրախը կամ հակառակորդ ասվածը միայն նա չէ, այլ այս քաղաքական համակարգն է՝ իր բոլոր հենարաններով: Հետեւաբար, այդ քաղաքական համակարգը պետք է խորքային առումով փոփոխվի: Իսկ եթե մենք ուզում ենք խորքային փոփոխությունների մասին խոսել, որը պիտի ազգային կամ պետական շահը սպասարկի, ապա դրա հիմքում պիտի լինի ժողովրդի աջակցությունը: Հենարանն ու պլատֆորմը պիտի առաջին հերթին լինի ժողովուրդը, հետո նոր արտաքին դերակատարները կարող են աջակցել: Այն ուժերը, որոնք փորձում են իշխանափոխություն, արդյո՞ք ունեն ժողովրդի աջակցությունը: Ես կարող եմ միանգամից ասել՝ ոչ: Հետեւաբար, այս ողջ գործընթացները մարմնաշարժություններ են՝ ընդդիմության շարքում առաջին տեղը զբաղեցնելու համար: Շեշտում եմ՝ որեւիցե փոփոխություն լինելու դեպքում, պետք է լինի ժողովրդի աջակցություն:
— Եղավ ժողովրդի աջակցություն, բազմաքանակ մարդիկ դուրս եկավ փողոց, Դուք էլ իրենց հետ հավասար քայլում էիք: Ինչո՞ւ չհաջողեցիք:
— Ոչ թե ես էլ հավասար քայլում էի, այլ շարժման ակունքն ու սկիզբը ես էի դրել: Ես այդ մասին բազմիցս խոսել եմ, որ ողջ ընթացքում պայմանավորվածությունները փոխվել են եւ փաստացի մինչեւ Երեւան հասնելը, բառացի ուղղորդել են պառլամենտական ընդդիմության տարբեր դերակատարներ: Վերջում այդ հարթակը իրենց համար դարձավ բախման հարթակ իրար մեջ: Ես, ինչպես բոլոր մնացածն, առաջին անգամ բեմից լսել ենք իմպիչմենթ արտահայտությունն ու այդպիսի պայմանավորվածություն չի եղել: Ես չեմ իմացել, որ նման բան է խոսվելու ընդանրապես: Կամ որ ասելու էին՝ գնանք պառլամենտական ընդդիմության հետ քննարկենք իմպիչմենթ: Դա իմ համար նույնն է, ինչ ասեն՝ գնանք Ալեն Սիմոնյանի հետ քննարենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Կան տասնյակ հազարավոր մարդիկ, որ հավաքվել էին փողոցում, եկել էին ոչ թե որ միայն Փաշինյանը հեռանա, այլ նաեւ նախկին դերակատարներից որեւիցե մեկը չվերարտադրվի: Իսկ իրենք բեմից ասում էին՝ մենք գնում ենք պառլամենտական ընդդիմության հետ քննարկման: Այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդը տվել է պայքարի դրոշ, իսկ այդ պայքարի դրոշը խոնարում եք ընդդիմության առաջ, որին չի ըննդունում ժողովուրդը: Չհաջողեց, քանի որ այնտեղ ազնիվ չէր ոչ մի բան:
— Ո՞րն է Ձեր տեսլականը, ի՞նչ եք առաջարկում Դուք, արդյոք մասնակցելու եք 2026-ի ընտրություններին:
— Անպայման մասնակցելու ենք, իսկ տեսլականը՝ հայկական պետությունն է: Մեր խորին համոզմամբ՝ մենք հայկական պետություն չենք ունեցել: Ձեւով հայկական է եղել, բայց բովանդակությամբ հայկական չի եղել: Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում լրիվ հակահայկական է: Նա ցույց է տալիս ընդանրապես հայը եւ մարդը ինչպիսին պիտի չլինի:
— Դուք մասնակցել եք նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ չեք հաջողել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չստացվեց: Դուք էլ ո՛չ նախկին էիք, ո՛չ ներկա:
— Պատճառները շատ էին, նախ բավականին ուշ մտանք պրոցեսի մեջ: Հետո՝ չհասցրեցինք հասարակության հետ նորմալ աշխատել: Կարելի է ասել, շատ հարցերում անպատրաստ էինք: Ինչ-որ կոնսպիրատիվ բան չի եղել, մեզ չեն խանգարել եւ այլն: Չնայած այդքան էլ համաձայն չեմ այն ձեւակերպման հետ, որ չստացվեց, որովհետեւ դա մեր առաջին ընտրություններն էին, առանց ռեսուրսների ու մենք 2500 ձայն ստացանք: Չեմ ցանկանա անուններ ասել, սակայն այն ուժը, որը չհատեց անգամ նվազագույն շեմը, ընտրությունների վրա ծախսել էր 1 միլիոն 500 հազար դոլոր: Եթե համեմատենք, չեմ կարծում, որ առաջին քայլ անելու համար սա անհաջողություն էր: Ուղղակի մենք սովոր ենք, որ ով հայտնվում է քաղաքական դաշտում, պիտի միանգամից հայտնվի պառլամենտում կամ միանգամից իշխանություն ունենա: Այդպես չի լինում, եթե դուք ինչ-որ մեկի պրոեյկտ չեք, չեք կարող միանգամից հայտնվել դաշտում եւ միանգամից մտնել առաջին հորիզոնական:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

