Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի մարզիկ Էդգար Ղյասաբյանի հաջողությունները ԱՄՆ-ում (ֆոտո)
ՍպորտՊրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիայի՝ Յեսանի մարզական ակումբը գործում է ԱՄՆ-ում եւ ունի 3 մարզակումբ, հագեցած 120 մարզիկներով, որոնցից յուրաքանչյուրը խոստումնալից է: Եւ այս ամենը ղեկավարում է պրոֆեսիոնալ մարզիչ, սպորտի վարպետ, ԱրմՖայթինգ ֆեդերացիայի ղեկավար՝ Հայկ Ղուկասյանը:
Ղուկասյանի պրոֆեսիոնալ սպորտային տեխնիկայի, կրթելու եւ ուսանելու շնորհիվ, այսօր մենք ունենք նոր չեմպիոն, ի դեմս Էդգար Ղյասաբյանի, ով Հայկ Ղուկասյանի սանն է: Մեր հարցերին պատասխանել է չեմպիոնի մայրը՝ Էմմի Ավետիսյանը:
-Նախ, շնորհավորում ենք Ձեր որդու հաղթանակի կապակցությամբ: Որոշումը, որ Ձեր զավակը պետք է զբաղվի սպորտով, այն էլ նման ուժային, բարդ սպորտաձեւով, ո՞ւմն է եղել:
-Էդգարը սկսեց իր մարզումները 11 տարեկանում, և եթե ավելի ճիշտ ասեմ, արդեն 18 ամիս է, ինչ նա անդադար աշխատում է, զարգանում եւ պայքարում իր նպատակի համար։ Այս կարճ ժամանակահատվածում նա ապացուցեց, որ ուժն ու նվիրվածությունը տարիք չի ճանաչում։ Նրա քրտնաջան աշխատանքն ու անսպառ ձգտումը նրան հասցրին հաղթանակի։ Այսօր նա միայն չեմպիոն չէ, այլ նաեւ օրինակ՝ թե ինչ է նշանակում երբեք չհանձնվել։
-Ի՞նչ հաղթանակներ եւ ձեռքբերումներ են գրանցվել մինչ այժմ:
-Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ կարճ ժամանակահատվածում, նա կարողացել է բազում հաղթանակներ գրանցել: Ակումբի կողմից Էդգարը ճանաչվեց առաջին քաշայինում լավագույնը եւ կարողացավ Թաiլանդում մասնակցել աշխարհի առաջնությանը, զբաղեցնելով երրորդ պատվավոր տեղը:
-Ինչո՞ւ հենց ընտրեցիք Հայկ Ղուկասյանի մարզադպրոցը:
-Շատ պարզ պատճառով: Հայկ Ղուկասյանին պատահական չենք ընտրել, նա լավագույն մարզիչն է, թերեւս, եւ փաստ է, որ շատ կարճ ժամանակահատվածում մարզիկները գրավուն են բարձր հորիզոններ եւ հաղթանակներ:
-Ի՞նչ զգացիք որպես ծնող, երբ տեսաք Ձեր որդու բացարձակ հաղթանակը:
-Իմ որդին՝ իմ հպարտությունն է: Յուրաքանչյուր մենամարտում ես նրա կողքին եմ, զգում եմ նրա պայքարը, նրա ցավն ու վճռականությունը: Ամեն հարվածը, ամեն հաղթանակը, ես ապրում եմ նրա հետ միասին: Նրա յուրաքանչյուր մրցաշարը դառնում է ոչ միայն նրա, այլ նաեւ իմը։ Երբ նա հաղթում է, ես եմ հաղթում։ Երբ նա ցավ է զգում, ես էլ եմ ցավում։ Նրա ճանապարհը միայն նրանը չէ՝ դա նաեւ իմ ճանապարհն է, իմ սրտի զարկը, իմ կյանքի ամենաթանկ պայքարը։
-Ի՞նչ նոր մրցաշարեր սպասենք:
-Էդգարին սպասվում է բազմաթիվ մրցաշարեր եւ այդ մրցաշարերը անցկացվում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: Հետո դուրս կգա արդեն կրկին անգամ աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարներին մասնակցելու՝ Հայաստանի դրոշի ներքո: Հարկ է նշել, որ Հայկ Ղուկասյանի շնորհիվ է, որ նա կարողանում է մի շարք պռոֆեսիոնալ մրցաշարերի դուրս գալ եւ Ղուկասյանի սովորեցրած տեխնիկական մարտով հաղթանակներ գրանցել: Մի գաղտնիք էլ բացեմ, եթե չլիներ Հայկ Ղուկասյանը, ապա մարզիկները չէին կարող իրենց ուժերը փորձել մի շարք այլ երկրներում, բացի Միացյալ նահանգներից, օրինակ, Ռուսաստան եւ Եվրոպա, ինչի համար նրան շատ շնորհակալ ենք, եւ ոչ միայն մենք, այլեւ նրա բոլոր սաները:
Նանա Սարգսյան

