Մենք կողմ ենք իմպիչմենթին եւ հույս ունենք, որ այս ապերախտ կառավարությունը կվերանա. Ալբերտ Մովսիսյան
Ներքաղաքական«Դեմ եմ» քաղաքացիական շարժումը կոչ է արել ՀՀ կառավարությանը եւ Արդարադատության նախարարությանը ընդունել համաներման ծրագիր, որը կունենա համապետական եւ հումանիստական շատ կարեւոր նշանակություն։ «Արդար Խոսք» կուսակցությունը միացել է այս նախաձեռնությանը եւ կուսակցության նախագահը՝ Ալբերտ Մովսիսյանը, հորդորել է մասնակցել ստորագրահավաքին, որը իրականացվում է Ազատության հրապարակում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Արդար Խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:
— Արդեն 7 տարի է, ինչ համաներում չի եղել: Ի՞նչ կասեք այս մասին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք համաներման համար իրականացվող ստորագրահավաքից, որին միացել եք:
— Նախ ասեմ, որ այս նախաձեռնությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիների բողոքը կառավարության դեմ, քանի որ, ինչպես Դուք ասացիք, այսքան տարիների ընթացքում ընդանրապես համաներում չի եղել: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ է կատարվում բանտերում՝ սկսած տնային կալանքներից մինչեւ բանտախցեր: Բանտերում լճացված իրավիճակ է, սահմանափակումներով եւ սարսափելի պայմաններով: Կոպիտ ասած, չկա մի տուն, որտեղ հարազատ բարեկամ չունենա այդ կառույցում: Կառավարությունը պետք է մտածի այս հարցի շուրջ, որն ամբողջությամբ անտեսված է:
— Որպես կուսակցության նախագահ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այս համաներումը ավելի իրական դարձնելու համար:
— Ես հանդիպում ունեցա Արդարադատության փոխնախարարի հետ եւ ներկայացրեցի քաղաքացիների բողոքը: Ինչպես նաեւ շեշտը դրեցի հրատապ կարգավորման վրա: Սակայն, այս հարցը կառավարության որոշմամբ պետք է լինի, այդ իսկ պատճառով որոշում կայացրեցինք ակցիայի միջոցով հանդես գալ եւ ստորագրահավաք կազմակերպել: Հուսանք՝ այս նախաձեռնությունն իսկապես կունենա իր արդյունքը եւ կառավարությունը համաներում կհայտարարի:
— Իմպիչմենթին ինչպե՞ս եք վերաբերվում եւ եթե լինի արտահերթ ընտրություններ, Ձեր կուսակցությունը կմասնակցի՞ ընտրություններին:
—«Արդար Խոսք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ մենք մասնակցելու ենք ընտրություններին, ներկայացնելու ենք մեր թեկնածուին: Մենք բոլորս լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը փողոցային մոնոպոլյան վերցրել է իր ձեռքը: Այս 7 տարիների ընթացքում պարզ երեւում է, որ որեւէ կերպ իշխանափոխություն չի լինում եւ չկա հնարավորություն այն իրականացնելու: Մենք կողմ ենք իմպիչմենթին եւ հույս ունենք, որ այս ապերախտ կառավարությունը կվերանա:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի կողմից ամենօրյա ռեժիմով հարձակումը առ եկեղեցի եւ Վեհափառ:
— Ցավոք, հասել ենք այն իրականությանը, որ ստիպված ենք նման հարցեր մեկնաբանել: Մենք եկեղեցու դերը մեր պետության մեջ շատ լավ գիտենք, այնպես որ, միանշանակ մենք դա նորմալ չենք ընդունում: Ըստ մեզ, եկեղեցին՝ հանձինս Գարեգին Բ-ի, պետք է իր ձայնը բարձրացնի այս հարցի շուրջ: Եվ այստեղ հարցը անհատի մասին չէ, որին անդրադառնում է Նիկոլ Փաշինյանը, այստեղ հարցը եկեղեցին է: Եվ ես կոչ եմ անում Վեհափառին, որպեսզի ժողովրդին համախմբի եկեղեցու շուրջ: Նույնիսկ Ամանորի գիշերը կաթողիկոսն այլեւս ելույթի իրավունք չուներ: Նման բան երբեք չի եղել մեր պետությունում: Այսինքն, արդեն իսկ վաղուց պետք էր բողոք ներկայացվեր կաթողիկոսի կողմից, քանի որ ակնհայտ արդեն տեսնում էինք, թե ինչպես են նրան զրկում խոսելու իրավունքից: Այս հարցն էլ է դարձել մոնոպլիա Նիկոլ Փաշինյանի համար եւ ինքը պետք է լիներ առաջինն ու միակը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

