Հոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Ներքաղաքական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ գրել է.

Վերջին օրերին Ն․ Փաշինյանի հրապարակային հայտարարություններն ուղղակիորեն միտված են խարխլելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մեր ժողովրդի հոգևոր միջնաբերդի հիմնասյուները, կասկածի տակ դնելու հայ հոգևորականության հեղինակությունն ու բարեվարքությունը։

Մասնավորապես՝ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նրա հրապարակային «հորդորները», չեն կարող դիտվել որպես անմեղ հարցադրումներ։ Դրանք բացահայտ և մերկապարանոց մեղադրանքներ են՝ զուրկ հոգևոր ու բարոյական նվազագույն էթիկայից։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքը՝ գռեհկաբանությամբ, անվայելուչ՝ երկրի ղեկավարին ոչ հարիր բառապաշարով, հիրավի, նրա՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ու հավատավոր հայորդի» լինելու ցուցիչն է։ Աշխարհում չենք գտնի գեթ մի պետություն, որի ղեկավարն այսքան թշնամաբար, այսքան չարությամբ ու մաղձով փորձի արժեզրկել Եկեղեցին և քրիստոնեական հավատքը։

Ակնհայտ է, որ Հայ Եկեղեցու ներքին խնդիրներով, կարգուկանոնով և հոգևորականների բարոյական նկարագրով թվացյալ «մտահոգ» վարչապետն իրականում մեր Եկեղեցին հեղինակազրկելու և թուլացնելու, հայ ազգի հավատը սասանելու և Մայր Եկեղեցուց կտրելու հեռահար նպատակ ունի։ Ո՞րն է այս սկսվող ողբերգության վերջնանպատակը․․․ Գուցե՞ հայ ժողովրդի մահմեդականացումը, որի դեպքում հաշտ և համերաշխ կգոյակցենք նրա եղբայր թուրքերի և ադրբեջանցիների հետ, առևտուր կանենք և մի փոր հացի համար կվաճառենք ամեն ինչ՝ ինքներս մեզ, մեր հերոսների արյամբ սրբացած հայրենիքը, ազգային ինքնությունն ու մարդկային պատիվը, մեր երեխաների ապագան։

Ն․ Փաշինյանի վերջին հայտարարությունները բացահայտորեն խախտում են ՀՀ սահմանադրությամբ ամրագրված այն սահմանագիծը, որը պետք է պահպանվի պետության ու Եկեղեցու միջև։ Նա «ջանասիրաբար», երկրի ղեկավարին ոչ վայել պահվածքով և վարքով ամեն կերպ փորձում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին դարձնել հանրային քննադատության և վարկաբեկման թիրախ։ Թերևս այդպես էլ պետք է լիներ․․․ Երիտհայերին պետք են միայն հլու հնազանդ և կամակատար հոգևոր առաջնորդ, թուրքասեր և թուրքահպատակ եկեղեցականներ, որոնք, որպես հոգևոր մանկուրտներ, կծառայեն միայն իրենց և իրենց ապազգային ծրագրերին․․․

Ն․ Փաշինյանն իր այս վարքագծով հետամուտ է ոչ թե ճշմարտության կամ արդարության, այլ իր քաղաքական շահերի ապահովմանը, այլ կերպ ասած՝ նա ճշմարտության կամ արդարության չափանիշները հարմարեցնում է իր քաղաքական նկրտումների սպասարկմանը։ Վարչական ճնշման, հրապարակային վիրավորանքի և չփաստարկված մեղադրանքների մակարդակով ճշմարտություն չի կարող հաստատվել։ Նաև բարոյական պատասխանատվություն է պետք, օրինականություն և հարգանք՝ պետական ինստիտուտների հանդեպ։

Ի վերջո, հավատավոր ժողովուրդն էլ ունի իրավունք՝ պահանջելու, որ իր պետության ղեկավարը կանխամտածված և որոշակի դիտավորությամբ չնվաստացնի իր ազգային Եկեղեցու դերը։ Հայ Եկեղեցու զավակները պետք է վստահ լինեն, որ հոգևորի դեմ սողացող քաղաքական պատերազմն անձնական քինախնդրության կամ ազգային ինքնիշխան հաստատության վերացման նպատակ չի հետապնդում։ Ուստի կոչ ենք անում՝ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակությունը խաթարելուն միտված հրապարակային ապարդյուն սադրանքները, հարգել ազգային բազմադարյա հոգևոր կառույցի իրավունքները։

Եկեղեցին աստվածահիմն է, և ոչ ոքի՝ լինի երկրի վարչապետ կամ որևէ այլ անձ, տրված չէ մենաշնորհ՝ նրա դեմ հակաքարոզչություն իրականացնելու, անվայելուչ արտահայտություններ անելու կամ գրառումներ կատարելու, հակառակ դեպքում դա կընկալվի որպես աղանդավորություն՝ հակված ժողովրդի հավաքական ուժը ջլատելուն և երկիրն անկման մատնելուն։ Եվ քանի որ վարչապետը շատ է սիրում «Կանոնագիրք Հայոց»-ից կանոններ մեջբերել՝ առանց դրանց պատմությունը, ընդունման ժամանակն ու միջավայրը, պատմական հանգամանքներն ու դրդապատճառները գիտենալու, նշենք, որ Կանոնագրքում աղանդավորներին վերաբերող հատուկ կանոններ կան, որոնք խորհուրդ ենք տալիս ամենայն ուշադրությամբ ընթերցել։

Այսօր Ն․ Փաշինյանը կուսակրոնությանը վերաբերող մի կանոն է մեջբերել «Կանոնագիրք Հայոց»-ից։ Եվ զավեշտալին այն է, որ նա և իր թիմակիցները երբեք էլ չեն գիտակցում իրենց չիմացության, անգիտության սահմանը․ առանց արժանիքի և որևէ վաստակի ձեռք բերելով իրենց անցողիկ պաշտոնները, գիտության և ճանաչողության անդաստանում չսովորելով ո՛չ պատասխանատվություն, ո՛չ համեստություն՝ նրանք նայում են ոչ թե վեր՝ Աստծուն, այլ՝ վար՝ մամոնային, ոչ թե ազգային ինքնությանը, արժեքներին, այլ՝ վերացական շահեկանությանն ու իշխանությանը, որտեղ իրենց համար ամեն ինչ հեշտ, թեթևամիտ ու անպարկեշտ է։ Գուցե Ն․ Փաշինյանը ձեռնպահ մնա աստվածաբանության և կանոնագիտության՝ իրեն այսքան անհասանելի ոլորտ ներխուժելուց՝ այդպիսով խուսափելով իր տգիտությունը մեկ անգամ ևս ցուցադրելուց և զավեշտալի իրավիճակում հայտնվելուց․ «Կանոնագիրք Հայոց»-ում Հովհան Օձնեցու հեղինակությամբ նման կանոն չկա, գոնե պետք է տվյալները ճշտել նախքան կանոնը հղելը․․․

Թերևս միայն նշենք, որ Աստվածաշնչում կուսակրոնության վերաբերյալ որևէ պատվիրան կամ հրահանգ չկա, այլ ճիշտ հակառակը՝ Պողոս առաքյալն ասում է․ «Հավաստի է այս խոսքը, թե՝ ով եպիսկոպոսության է ձգտում, ձգտում է բարի գործի։ Եպիսկոպոսը պետք է անարատ լինի, մե՛կ կնոջ մարդ․․․․, իր իսկ տանը լավ վերակացու լինի, ունենա որդիներ, որոնք հնազանդության մեջ լինեն կատարյալ պարկեշտությամբ․․․․» (Ա Տիմ․ Գ 1-7)։ Հետագայում է միայն՝ պատմական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով և որոշակի նպատակադրումով (ինչն առանձին քննարկման նյութ է)՝ մեր Եկեղեցին սահմանել, ընդունել և հաստատել կուսակրոնության կարգը, և նա էլ կարող է կանոնական որոշմամբ այն չեղարկել․ պետք է հստակ գիտակցել, որ այս խնդիրը բացարձակապես դուրս է կառավարության իրավասության և քննարկման ծիրից, սա ներքին կանոնակարգային հիմնահարց է, որը կարող է և իրավասու է լուծելու միմիայն Հայաստանյայց Եկեղեցին։ Թերևս մեր իշխանավորներն այս տարրական իրողություններին տեղյակ կլինեին, եթե թույլ տային, որ իրենց զավակները դպրոցում ուսանեն Հայ Եկեղեցու պատմություն առարկան։

Չենք զլանում և կրկնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, հոգևոր-կարգապահական մարմինները, դարերով ամրագրված ընթացակարգերը, որոնցով են միմիայն կարգավորվում Եկեղեցու հոգևոր և վարչական կյանքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշխարհական պաշտոնյա չէ, որին առավել ևս հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ։ Եթե կան հարցեր, դրանք պետք է քննարկվեն միմիայն եկեղեցական կանոնական-կարգապահական ատյաններում, ոչ թե աղաղակվեն հրապարակային ճնշմամբ և ամբոխահաճո անպատկառությամբ։ Որևէ կառավարություն իրավասու չէ միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական կյանքին, հոգևորականների բարոյական նկարագրին առնչվող որոշումներ ընդունելու։ Իսկ եթե նույն սկզբունքով Հայ Եկեղեցին սկսի քննել պետական այրերի անցյալն ու ներկան, բարոյական նկարագիրը, հակաազգային և հակաեկեղեցական տարակուսելի և վտանգավոր քայլերը, ինչի իրավունքը Եկեղեցին իրավամբ էլ ունի, քանի՞սը կհամարվեն Հայ Եկեղեցու զավակներ և քրիստոնյաներ, գուցե արժե՞ր հավատաքննության սկզբունքները կիրառել․․․ Այս դեպքում Եկեղեցին, առաջնորդվելով նույն Կանոնագրքով, պետք է շատերի ճակատին աղվեսադրոշմ խարաներ, բանադրեր և Եկեղեցու հաղորդությունից զրկեր, իսկ նրանց ժառանգները պետք է սերնդեսերունդ կրեին նզովքի պատիժը․․․

Եվ վերջում, որպես Հայ Եկեղեցու սպասավոր՝ կամենում եմ զգուշացնել մեր հավատավոր ժողովրդին․ «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող․․․․, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը․․․․» (Բ Տիմ․ Գ 1-5)։

Հ․Գ․
Լռությունը համաձայնության նշա՞ն է։
Ոչ միշտ։
Լռում ես, երբ իմաստ չունի հակառակվել։
Լռում ես, երբ դաստիարակությունդ թույլ չի տալիս վիճել։
Ի վերջո լռում ես, երբ ինքնահաստատման կարիք չունես։
Լռությունը խոհեմության նշան է։ Միշտ։
(անհայտ հեղինակ)

https://iravunk.com/sim/?p=314869&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը