ԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼ
Վերլուծություն
Իհարկե, Էրդողանը շարունակում է իր ակտիվությունը թյուրքական ուղղությամբ, որը պարզ երեւաց նաեւ հնդկա-պակիստանյան վերջին սրացումների ժամանակ: Երբ Անկարան բացահայտ աջակցություն հայտնեց Պակիստանին: Բայց մյուս կողմից էլ նույն Էրդողանը Լաչինում օդանավակայան բացելիս հազիվ էր կմկմալով եւ երկար դադարներով իր ելույթը կարդում: Թուրքական աղբյուրներում միանգամից օրակարգ եկան նրա առողջական վիճակի մասին հին խոսակցությունները, որոք իրականությունից այդքան էլ հեռու չեն:
Ու խնդիրը միայն առողջականը չէ: Անկախ Նիկոլի դիրքորոշումից, Էրդողանը հասկանում է, որ հայաստանյան ուղղությունն իրենով անելը անխուսափելի բախման է տանելու ռուս-իրանական թեւի հետ, եթե անգամ Նիկոլն այդ ուղղությունը նվիրի: Ամբողջ հարցն այն է, թե ներկա առողջական եւ այլ խնդիրներով հանդերձ, երբ նաեւ ակտիվ օրակարգում է Էրդողանի իրավահաջորդի թեման, նման բախման գնալը որքանո՞վ է ռեալ: Առավել եւս, երբ ներկա պահին Էրդողանը Մոսկվայի հաշվին լուրջ քաղաքական դիվիդենտների հույսեր ունի:
Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ Մոսկվան ծրագրում է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը եւս Ստամբուլում անցկացնել՝ հունիսի 2-ին: Սա դեռ վերջնականապես հստակեցված չէ, բայց միայն այն, որ Մոսկվան առաջ է տանում համաշխարհային նշանակության նման միջոցառումը հենց Թուրքիայում անցկացնելու միտքը, որը, ի դեպ, արտգործնախարար Ֆիդանի՝ օրերս Մոսկվա կատարած այցի բաղադրիչներից էր, դա արդեն իսկ Էրդողանի համար լուրջ ձեռքբերում է: Չնայած, կրկնենք, նաեւ Ֆիդանի հետ են պայմանավորվել՝ մոսկովյան այցի ժամանակ: Մինչդեռ Ֆիդանի այցի թեմաներից էին նաեւ հարավկովկասյան հարցերը, այդ թվում՝ սահմանների վերաբացման հայտնի խնդիրը: Եվ եթե ռուս-ուկրաինական գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու մասին հստակեցումը կա, դա հուշում է, որ մյուս հարցերում եւս Մոսկվան ու Անկարան որոշակի պայմանավորվածություններ ունեն:
Ընդ որում, Էրդողանի քաղաքական շահն իրականում շատ ավելի մասշտաբային կարող է դառնալ: Այսինքն, կան նաեւ նախնական սպասելիքներ, որ Ստամբուլում հնարավոր է նաեւ Պուտին-Զելենսկի հանդիպումը, որին մասնակցելու տարբերակի մասին խոսեց նաեւ Թրամփը: Այսինքն, Էրդողանը կարող է շատ ավելի մասշտաբային միջոցառման հյուրընկալողը դառնալ, քան ընդամենը ռուս-ուկրաինական պատվիրակությունների հանդիպումն է: Թեեւ սա էլ դեռ ամբողջը չէ:
Այսպես, ռուսական եւ ուկրաինական կողմերն արդեն գրավոր տեսքով իրար փոխանցել են պատկերացումներն ապագա խաղաղության հետ կապված: Նախօրեին Լավրովը խոսեց ՌԴ-ի պատկերացումների մասին, թեեւ այստեղ առանձնապես նոր բան չկա. դրանք այն նույն պայմաններն են, որի մասին պաշտոնապես խոսել է նաեւ Պուտինը: Ընդ որում, քիչ չեն համառ լուրերը, որ որքան էլ վերջին ժամանակներս Թրամփը «դժգոհ է Պուտինից», բայց նաեւ, որ ռուսական այդ պայմանները վաղուց են համաձայնեցվել ամերիկյան կողմի հետ: Իսկ «Թրամփը դժգոհ է Պուտինից» թեման դարձավ լավ առիթ, որ Կիեւում սկսեին լրջորեն մտահոգվել, որ ԱՄՆ-ն իրոք կարող է այդ «դժգոհության» պատճառով հայտարարել ուկրաինական թեմայից դուրս գալու մասին: Իսկ թե դա ինչի կարող է հանգեցնել, վերջին ժամանակներս մի գլուխ ահազանգում են ամերիկյան առաջատար լիբերալ լրատվամիջոցները, թե՝ Ռուսաստանը կազմը պատրաստ սպասում է մասշտաբային հարձակման ողջ ճակատով մեկ: Այդ թվում, որ մեծ ուժեր է կենտրոնացրել Խարկովի ուղղությամբ՝ սպառնալով ավելացնել մարզերի թիվը, որոնք այսօր պահանջում է ճանաչել ռուսական:
Ահա այս ֆոնին նույն լիբերալ քարոզչամեքենան եւս մեկ ահազանգ հնչեցրեց: Այսպես, ըստ New York Times-ի, Թրամփը պատրաստվում է առաջարկել Ռուսաստանին եւ Չինաստանին՝ աշխարհը բաժանել ազդեցության երեք գոտիների: «Թրամփը կարող է ավելի մեծ բան մտքում ունենալ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված: Արտաքին քաղաքականության որոշ վերլուծաբաններ ասում են, որ նրա գործողություններն ու հայտարարությունները ենթադրում են, որ նա կարող է պատկերացնել մի աշխարհ, որտեղ, այսպես կոչված, երեք մեծ տերություններից յուրաքանչյուրը՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը գերիշխում են աշխարհի իր հատվածում»,- գրում է լրատվամիջոցը: Սա, իհարկե, նոր թեմա չէ, Պուտին-Թրամփ-Սի «Յալթայի գագաթաժողովի» մասին խոսվում է Թրամփի՝ Սպիտակ տուն մտնելու պահից սկսած: Բայց ահա, ներկա այդ ահազանգը մի փոքր այլ տեսք ունի:
Այսպես, վերջին ժամանակներս եւ հատկապես՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո հիմնական խոսակցություններն այս սխեմայի շուրջ են: Զելենսկուն վերջնականապես են մղում փակուղի՝ պարտադրելով կանխավ համաձայնեցված պայմաններին համապատասխան խաղաղության պայմանագիր: Եվ, ինչպես ներկայացրինք, ներկա իրավիճակը հենց դա էլ ակնարկում է. Թրամփը կարող է ցանկացած պահի ուկրաինական գործընթացից դուրս գալ, որին էլ կհետեւի ռուսների մասշտաբային հարձակումը: Ամեն դեպքում, կրկնենք, լիբերալ թեւում այդ պատկերացումները կան: Այս իրավիճակում, եթե նաեւ Պուտին-Զելենսկի հանդիպումը ռեալ դառնա եւ դրան մասնակցի Թրամփը, մեծ է դառնում հավանականությունը, որ ուկրաինական կողմին պարզապես այլ տարբերակ չի մնա, քան առաջադրվող պայմանավորվածությունների հետ համաձայնվելը:
Սրան զուգահեռ, Պուտին-Թրամփ հիշատակված հեռախոսազրույցի ֆոնին նաեւ շատ խոսվեց, որ նրանց հանդիպում-գագաթաժողովը կարող է կայանալ հունիսի առաջին օրերին: Սա այն ժամկետն է, որը նախատեսված է Ստամբուլում ռուս-ուկրաինական պատվիրակությունների հանդիպման եւ այդ ֆոնին՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման համար: Եվ եթե դրան մասնակիցի նաեւ Թրամփը, ապա շատ իրատեսական կդառնա նաեւ Պուտին-Թրամփ գագաթաժողովը՝ «աշխարհը ազդեցության երեք գոտիների բաժանելու» թեմատիկայով:
Էրդողանի համար, իհարկե, Ստամբուլը Յալթա կամ Պոտսդամ «դարձնելու» ռեալ հեռանկար է՝ դրանից բխող հսկայական քաղաքական շահույթով հանդերձ: Այդ թվում, որ այդ «երեք գոտիների» մեջ մի «փոքրիկ» ենթագոտի էլ իր համար կհաջողացնի:
Մյուս կողմից էլ, որ հարավկովկասյան տիրույթը ռուսական «գոտու» մեջ է մնում, թերեւս կասկածներ չեն լինի:
Չնայած, Պուտին-Թրամփ սպամբուլյան հանդիպումն իդեալական տարբերակը կլիներ: Շատ ավելի մեծ հավանականությամբ, Զելենսկին, որքան էլ անկյուն մղված, բայց բրիտանական ազդեցությամբ` այս անգամ էլ կձախողի որեւէ ռեալ պայմանավորվածության տարբերակը: Թրամփը կսկսի «շանթ ու որոտ» արձակել, երեւի կանցնի պատժամիջոցների, այդ թվում` Մոսկվայի դեմ` գլոբալիստների հարձակողական հեղեղը կանխելու համար: Իսկ Ռուսաստանը, ինչպես քանիցս ենթադրել ենք, ավելի մասշտաբային հարձակումների կանցնեն ողջ ճակատով: Մինչեւ որ գիծ կկարողանան հասենել, դա էլ ռազմական իրողությունները ցույց կտան: Սակայն ուկրաինական արդեն մաշված բանակն այդ ամենի արդյունքում ի՞նչ պաշտպանունակություն կունենա, սա էլ կդառնա ապագա խաղաղության որոշիչը: Նաեւ Պուտին-Թրամփ գագաթաժողովի եւ նոր «Յալթային կոնֆերանսի» հարցում: Թերեւս, դրան պետք է սպասել լավագույն դեպքում աշնան սկզբներին:
https://iravunk.com/sim/?p=314331&l=am/