«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՐՈՂԱՑԱ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ։
ՍպորտՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 13 մեդալով է ավարտել պայքարը Աշխարհի գավաթի փուլերում։ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեր մարզիկները նվաճել են 9 ոսկե, 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։ Աշխարհի գավաթի քառակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը և Աշխարհի գավաթի եռակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը Աշխարհի գավաթակիր են դարձել, բացարձակ հաղթող ճանաչվելով։ Իսկ Արթուր Ավետիսյանը Աշխարհի գավաթի վերջին 6֊րդ փուլում Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում է ոսկե մեդալ նվաճել։ Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում Ուսանողական խաղերի Աշխարհի չեմպիոն, Բանակայինների Աշխարհի խաղերի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, արդեն Աշխարհի գավաթի օղակների վարժության ոսկե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ այսպես մեկնաբանեց իր երկար սպասված հաղթանակը.
- Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա ոսկե մեդալ նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այնպես էր ստացվում, որ իմ սխալների պատճառով տարիներ շարունակ առաջինը չէի լինում։ Հիմա կարողացա։ Անկեղծ ասած, ինձ մոտ վարժության վերջին հատվածը լավ չի ստացվում և միշտ քայլ եմ անում։ Այս անգամ ավելի վստահ գործեցի։ Սա մեծ փորձ էր ինձ համար։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, բոլոր զինվորներին։ Նշեմ, որ Խորվաթիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանն էլ բրոնզե մեդալ եմ նվաճել։ Հիմա նպատակս Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն է։ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 26֊31֊ը։
-Շնորհակալություն, Արթուր, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

