«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ․ Կոպիրկին
Հասարակություն
Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ, 168․am-ի հարցին ի պատասխան, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է․
Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:
Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
https://iravunk.com/sim/?p=312109&l=am/