Կանանց և տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականները առաջատար են դասակարգման աղյուսակում
Սպորտ
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը:
Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանց թիմը` 652 միավորով:
Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում։
Կանանց Հայաստանի հավաքականը նվաճել էր երկամարտի երեք արծաթե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին էին կանգնել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ):
Տղամարդկանց հավաքականը երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ էր նվաճել: Եվրոպայի չեմպիոն էին դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), փոխչեմպիոն` Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալի էին արժանացել:
https://iravunk.com/sim/?p=311698&l=am/