3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Քրեական
Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ապրիլի 18-ին՝ ժամը 22:17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնել էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն:
Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնել էին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ, տնից դուրս էին եկել երեկոյան ժամը 20:00-ին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաեւ մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաեւ գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվել է Մարտունի քաղաքում ու ձերբակալվել։
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նաեւ գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։
34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
https://iravunk.com/sim/?p=311652&l=am/