Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես
Հասարակություն
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով, որն ուղղված է հայկական մշակութային ժառանգության յուրացմանը և է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ։ Ցուցահանդեսի բացման մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան:
Մեր արձագանքը
Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունն ուղղված է հայ ժողովրդի պատմական իրավունքների ժխտմանը՝ նրա բնիկ հողի նկատմամբ, ինչպես նաև պատմական փաստերի ու մշակութային ժառանգության խեղաթյուրմանն և յուրացմանը։
Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ առաջ քաշելով արդեն ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու տարբեր ծրագրեր։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։
Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ժառանգության յուրացման այս քաղաքականությունը կոպտորեն խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած իսկության սկզբունքները՝ ըստ որոնց մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի իր գիտական ճշմարտացիության և գիտելիքի համաձայն։ Այս սկզբունքները սահմանվում են 1994 թվականին Ճապոնիայում ընդունված Մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթով։
Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումը խախտում է նաև հայ ժողովրդի մշակութային իրավունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։ Այն նաև հակասում է 1966 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածին։
Նման գործողությունները ոտնահարում են սերունդների իրավունքները՝ ճշմարտացի կերպով հաղորդակցվելու իրենց պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
«Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝
Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»»։
https://iravunk.com/sim/?p=311119&l=am/