ՔՊ-ի նման ֆենոմենալ թալանչի, նախկիններն անգամ երազում չէին տեսնում. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրել է.«Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կողմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Միութենական պետությանը։ Մինչ այդ էլ հայտարարել էր, որ կողմ չէ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Եվ սա այն ժամանակ, երբ ակտիվորեն ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ»: Նա մանրամասնել է, որ անդրադառնում է այս թեմային, քանի որ նրան քվեարկած խմբակցություններից մեկը ներկայացված է նաեւ Երևանի ավագանիում։ Հետեւապես, նրանց կողմից պետք է հնչի հստակ դիրքորոշում՝ եթե նրանք չեն արտահայտում հակառակ դիրքորոշում, ապա ամբողջությամբ կիսում են վերոնշյալը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ՝ Երեւանի համանուն խմբակցության քարտուղար ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ:
— Ի՞նչ կասեք Արմեն Գալջյանի հարցադրման վերաբերյալ՝ կիսո՞ւմ եք Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ կարծիքը:
— Անկեղծ ասած, սա իմ ոլորտը չէ: Ես միջազգային հարաբերությունների մասնագետ չեմ: Կարծում եմ՝ այս հարցին պետք է Թեւանյան Անդրանիկը պատասխանի: Անգամ այդ հայտարարությունը չեմ կարդացել: Ես սիրով քաղաքային տնտեսության վերաբերյալ հարցերին կպատասխանեմ:
— Այդ դեպքում՝ ինպե՞ս կգնահատեք քաղաքային տնտեսությունը: Ի՞նչ վիճակում է քաղաքը:
— Ողբալի վիճակում է գտնվում քաղաքային տնտեսությունը: Երբ քաղաքում պտտվում ես, ամեն բան երեւում է: Երբ գիտակցում ես, որ շուտով ապրիլի 24-ն է, եւ լինելով քաղաքային բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, փորձում ես գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու տեսնում ես, թե մոտակա տարածքն ինչ վիճակում է, ապա ամեն բան պարզ է լինում: Հետեւաբար, այնքան շատ են խնդիրները, որ դրա համար հատուկ տեղ կամ ահազանգերի հետքերով գնալու կարիք չի լինում: Կամ եւս մի կարեւոր խնդիր՝ տրանսպորտի գումարները չեն հավաքվում: Ըստ իրենց հայտարարության` երկու ամսվա կտրվածքով մեկ ու կես միլիարդ դրամ չի հավաքվել: Ես ներկայացրել եմ, որ ծախսերը թերակատարել են եւ կատաստրոֆիկ վատ: Օրինակ` անցյալ տարի մանկապարտեզների ծախսերը 50 տոկոսով թերակատարել են՝ այն պարագայում, որ քաղաքում կա 70 վթարային կարգավիճակ ունեցող, սեյսմակայունության խնդիր ունեցող մանկապարտեզ: Քաղաքում ծննդատուն է փակվում: Խնդիրները բազում են: Կարող եմ ժամերով թվարկել:
— Տրանսպորտին անդրադարձաք:՝ ինչո՞ւ բողոքի ակցիաները չեն շարունակվում:
— Չեմ կիսում այդ կարծիքը, որ ակցիաները չեն շարունակվում: Երբ իրենց հաշվարկով կես միլիարդ չի հավաքագրվում, դրա պատճառը բոյկոտն էր, ապա ինչպե՞ս թե չեն շարունակվում: Ի՞նչ են կարծում մարդիկ, պետք է ամեն օր՝ գիշեր-ցերեկ ավտոբուսի մեջ անցկացնենք, որ համարվի ակցիան շարունակվո՞ւմ է: Ակցիայի վառ արդյունքն այն է, որ ՔՊ-ն Ազգային ժողովում մարդկանց դարձնում է տուգանքի մատերիալ՝ տուգանք նշանակելով: Եթե բոյկոտը չի կայացել, ինչու են մարդկանց տուգանում: Թե որքանով է այդ տուգնաքի չափը օրենքի դաշտում, թող պատգամավորները գնահատականը տան: Իսկ իմ գնահատականն այն է, որ նրանք ունեն գերխնդիր՝ ժողովրդին թալանել: Նրանք թալանչիներ են եւ ՔՊ-ի նման ֆենոմենալ թալանչի, իրենց ասած՝ նախկիններն անգամ երազում չէին տեսնում:
— Դուք տեսնում, նկարում եւ բարձրաձայնում եք խնդիրներ: Արդյունք կա՞ դեպի դրականը:
— Իհարկե՝ կա: Ամենաթարմ օրինակը ասեմ՝ նույն Ծիծեռնակաբերդի գետնացումը՝ Կիեւյան փողոցի մոտից, իմ բարձրաձայնելուց հետո, գնացել եւ սկսել են մաքրել: Հուսամ՝ կհասցնեն մինչ ապրիլի 24-ը կարգի բերել: Մյուս օրինակը Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիված զբոսայգին է, երբ մի տարի շուրջ 400 միլիոն, իսկ հաջորդ տարի 47 միլիոն գումար են դուրս գրել, սակայն երբ նայում ես այգուն, թվում է, թե հենց նոր Սիրիան հարձակվել է Գազայի վրա: Բազում օրինակներ կարող եմ բերել, որ երբ բարձրաձայնում ես, նրանք ուզեն, թե չուզեն՝ գնում են հարցի լուծմանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=310776&l=am/