ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ Միրզոյան
Հասարակություն
Սա այն ամենավառ օրինակներից է, թե ինչպես կարող է փաստն աղավաղվել և տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվել. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ «Մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայամանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանարպետության ճակատագիրը», տված իրենց պարզաբանմանը:
Միրզոյանը նշեց՝ փաստ է, որ բռնի տեղահանությունից և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հայտնի փաստաթղթից հետո, այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք:
«Սա է եղել ԱԳՆ արձագանքը: Զարմանալիորեն ստացվեց ի՞նչ՝ իրենց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիառեսուրսների միջոցով սկսեցին ասել՝ մենք ենք հանել հարցը օրակարգից: Ես կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշիյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի: Հիմա մեզ մեղադրել այդ հարցը օրակարգից հանելու մեջ, այն պայմաններում, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության ու հողեր ծախելու մեջ: Շատ լավ կլիներ, որ հիմա այստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները»,- ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ նրանք ամեն կերպ հրաժարվում էին մասնակցել խոսակցությանը՝ այդ թվում և այստեղ նստած ընդդիմության դրդմամբ: «Ակնհայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը պետք է լրջորեն տրվի վերջը, թե՝ չէ: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով, անընդհատ ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում՝ Ղարաբաղը Հայաստանի իշխանությունը լուծարեց, այսինքն՝ այդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց նա:
https://iravunk.com/sim/?p=310655&l=am/