Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից
Ներքաղաքական
Թե ինչ անակնկալներ կարելի է սպասել Գյումրիի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին, մասնավորապես՝ քաղաքապետի ընտրության հետ կապված, «Իրավունք»-ը փորձեց պարզել «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած քաղաքապետի թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ: Սակայն, նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց, իսկ նրա մամուլի խոսնակ Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Ռուբեն Մխիթարյանը կայացրել է որոշում` ժամանակավորապես հրաժարվել մամուլի հետ որեւէ շփումից։ Պարզվում է՝ նա մտադիր չէ հանդես գալ հարցազրույցներով, մեկնաբանություններով կամ որեւէ հրապարակային ձեւաչափով՝ մինչեւ 2025 թվականի ապրիլի 16-ը։ Այս շրջանում նա նպատակ ունի կենտրոնանալ իր գործունեության որոշ ուղղությունների վրա՝ զերծ մնալով լրատվամիջոցների միջամտությունից եւ արտաքին տեղեկատվական ճնշումներից։
«Ցանկանում ենք պաշտոնապես տեղեկացնել, որ այս պահի դրությամբ պարոն Մխիթարյանը որեւէ մեկնաբանությամբ հանդես գալու մտադրություն չունի, եւ նա ակնկալում է լրատվամիջոցների ու հանրության ըմբռնումը այս ընթացքում պահպանվող լռության վերաբերյալ։ Մեր կողմից հնարավոր է միայն փոխանցել այս սահմանափակ տեղեկատվությունը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց խոսնակը:
Վերջինիս հիշեցմամբ` բոլոր նորությունները, որոնք կապված են Ռուբեն Մխիթարյանի հետ, ինչպես նաեւ պաշտոնական հայտարարությունները, հրապարակվելու են բացառապես նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Սա նշանակում է, որ բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են նրա մասին տեղեկություններով, կարող են հետեւել տեղի ունեցող թարմացումներին եւ ունեն հնարավորություն ստանալ ամենահավաստի ու վերջնական տեղեկությունները հենց այդ հարթակում:
Ռուբեն Մխիթարյանն, ըստ էության, հանդես կգա իր առաջին հրապարակային ելույթով միայն ապրիլի 16-ից հետո, երբ տեղի կունենա ավագանու առաջին նիստը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքների համաձայն` «Իմ հզոր համայնք»-ն ունի ավագանու երեք մանդատ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ