Հը՞ն, ի՞նչ կարծիքի եք, դուխով տիկին Ղազարյան, դուխո՜վ… ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Համացանցում լայնորեն շրջանառվում է, թե ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հայտարարել է, որ մայիսի 1-ից ՀՀ-ում արհեստական բանականության գործիքների, այդ թվում՝ ChatGPT-ի օգտագործումը կհարկվի 20 տոկոսով։ Ստացվում է, որ աշխարհը խրախուսում է նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, իսկ Հայաստանը՝ փորձում է դրանից է՞լ փող քերել ու հարկել, կարծես, սեփական գյուտն էր ChatGPT-ին: Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար դիմեցինք հենց մեծարգո ChatGPT-ին, որը մեր հարցմանն ի պատասխան՝ նշեց. «Ներկայումս չկա պաշտոնական տեղեկություն կամ հրապարակված հայտարարություն այդ մասին: Մեր որոնման արդյունքներով նման հայտարարություն չի հայտնաբերվել»: Ինչեւէ, հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել էր, որ Հայաստանը պետք է մշակի արհեստական բանականության կիրառության կարգավորումներ՝ միաժամանակ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը։ Իսկ թե կառավարության հետաքրքրվածությունն արհեստական բանականության ոլորտում արդյոք հարկերի բարձրացման համատեքստում է լինելու, ցույց կտա ժամանակը:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական սյունեցի պատգամավոր ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ ապրում է բոլորովին այլ իրականության մեջ: «Կրակոցները ոչ թե մեր գյուղերի վրա են, այլ սահմանից այն կողմ են»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա: Ղազարյանի կարծիքով՝ այդքան պետք չէ մարդկանց վախեցնել, կարող են եւ կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞ մեզ»։ Հետաքրքիր է՝ ասում է՞, թե՞ հարցնում տիկին երեսփոխանը կամ՝ ընդհանրապես, լինելով մանկավարժ, իսկապես հավատո՞ւմ է ինքն իր խոսքերին: Տեղին առաջարկ հնչեցրեց սոցցանցում օգտատերերից մեկը. «Տիկին Ղազարյանին պետք է տանել Խնածախ, կանգնեցնել մշակույթի տան պատուհանագոգին, թող կրծքով թշնամու արձակած գնդակները բռնի»։ Հը՞ն, ի՞նչ կարծիքի եք, դուխով տիկին Ղազարյան, դուխո՜վ…
Իսկ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրառում է կատարել ու հայտարարել. «Ով վերահսկում է Սյունիքը, նա էլ վերահսկում է ամբողջ Կովկասը: Մենք ունենք գոյաբանական խնդիր, եւ կապ չունի, թե ում հետ ունենք ռազմավարական պայմանագիր, եթե մենք չպաշտպանվենք, ոչ ոք մեր փոխարեն դա չի անի»: Լավ է ասում պարոն գեներալը, բայց գլխավոր հարցն այստեղ այն է, թե «զադերշկան» ինչո՞ւմն է, որ չի վերադառնում Հայաստան ու լծվի Սյունիքը պաշտպանելու գործին: Բոլորը դրսերից կոչեր են անում, ցուցումներ տալիս, թե ինչ պետք է անել, բայց «զանգ կախող» չկա ու չկա: Ավելին՝ մի փոքրիկ հիշեցում. 2021 թվականի ապրիլի 13-ից մինչեւ հուլիսի 20-ը Կարապետյանը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թվականի հուլիսի 20-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար ու պաշտոնավարել մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 15-ը: Այս նույն ժամանակահատվածում՝ 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ: Կրկին հարց է ծագում՝ Պաշտպանության նախարարության ամենաբարձր պաշտոններում լինելով՝ ինչո՞ւ նույն Կարապետյանը, թեկուզ հակառակվելով Փաշինյանին, կոչով հանդես չեկավ եւ չասաց, որ եթե մենք չպաշտպանենք Սյունիքը, ոչ ոք մեր փոխարեն դա չի անի: Հիմա ո՞ւմից է ինչ պահանջում պարոն գեներալը:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
https://iravunk.com/sim/?p=310565&l=am/