Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնության անոնսը։
Անդրադարձ է կատարվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և Մալխաս Ամոյանին (77 կգ):
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանի հիմնական մրցակիցները կլինեն Եվրոպայի նախկին չեմպիոն Կիրիլ Միլովը (Բուլղարիա), աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Օմարովը (Չեխիա), աշխարհի նախկին չեմպիոն Կիրիլ Մասկևիչը (UWW) և աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Սարգսյանը (UWW), որը վերջերս հաղթել է Zagreb Open վարկանիշային մրցաշարում:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Ամոյանի հիմնական մրցակիցները կլինեն չորս տարի անց խոշոր մրցաշար վերադարձող ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովը, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը, հունգարացի Զոլտան Լևաին: