«ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆ
ՍպորտՎերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը արծաթե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, ծնունդով Արմավիրի մարզի Արշալույս գյուղից ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Կնյազի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Քառորդ եզրափակչում բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի ազգությամբ ռուս մրցակցիս Արտյոմ Իգնատյուկին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում կրկին 10։0 հաշվով պարտության մատնեցի ուկրաինացի Դենիս Սահալյուկին։ Ափսոս, եզրափակչում 1։12 հաշվով զիջեցի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուհամեդ Խանիևին։ Այդպես նվաճեցի արծաթե մեդալ։ Անկեղծ ասած, չեմ կարող առանձնացնել, թե որ գոտեմարտը առավել բարդ տրվեց, քանի որ բոլորն էլ բարդ ընթացան։ Ոսկե մեդալին շատ մոտ էի, ափսոս, այսպես ստացվեց։ Սակայն, ես չեմ հուսահատվում, այլ պիտի շարժվեմ առաջ, ջանք ու եռանդ չեմ խնայի, լավ կպարապեմ, որպեսզի կարողանամ մեդալիս գույնը փոխել ու ոսկե մեդալ նվաճել հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ։
- Կնյազ, կարող ես պատմել քո մարզական կարիերայի ընթացքում գրանցված որևէ հիշարժան գոտեմարտի, հաղթանակի մասին։
- Իհարկե, 2023 թվականի հուլիսին Իսպանիայում կայացած Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ժամանակ, կրկին 92 կգ քաշային կարգում հանդես գալով, գոտեմարտեցի Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ ու 3։2 հաշվով հաղթանակ տոնեցի համառ պայքարում։ Այդպես դարձա Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան այդ պահին ինձ մոտ։ Նշեմ, որ նույն 2023 թվականին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հաջորդաբար հաղթեցի թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս ու դարձա Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։
-Կնյազ, հետաքրքիր է, թե ումից ես ոգեշնչվել ու սկսել սպորտով զբաղվել։
- Ոգեշնչվել եմ իմ մեծ եղբայրներից, անվանի ըմբիշներ Ռոման և Մալխաս Ամոյաններից, նրանցից իսկապես շատ բան եմ սովորել։ Երազանքս է դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Իսկ ահա Կնյազի անձնական մարզիչը ՆԱՐԵԿ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում այսպես բնութագրեց իր սանին. «Կնյազը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է։ Այս մրցաշարում նա բավականին հաջող հանդես եկավ։ Բնական է, սպորտում լինում է մի պահ, որ չի ստացվում։ Երկու հաղթական գոտեմարտեր անցկացրեց Կնյազը։ Եզրափակիչ գոտեմարտի առաջին երեք րոպեն նա գերազանց գոտեմարտ ցույց տվեց, ափսոս հետո չստացվեց ու զիջեց ռուս մրցակցին, որը ևս ուժեղ մրցակից էր։ Վերլուծեցինք այդ գոտեմարտը, կշտկենք սխալները, որպեսզի Աշխարհի առաջնության ժամանակ բացառենք։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում Կնյազի հետ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

