Ուրվականների երկրորդ ռաունդը
Վերլուծություն
Մինչ իշխանությունը մնացել է «խաղաղության» կեղծ օրակարգի տակ ու գահավիժող վարկանիշի ֆոնին սկսել է տատանվել Փաշինյան Նիկոլի աթոռը՝ կրկին փրկության են հասնում իրենց թիվ մեկ ընդդիմություն հռչակածները: Մինչդեռ հասունացել է պահը, որ այս խորհրդարանի ընդդիմադիր թեւը կիրառի իր վերջին «փամփուշտը»՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միասնական գործընթաց մեկնարկելու համար:
Քոչարյանականների արդեն մաշված ու անպտուղ «ով է Նիկոլին բերել» դիսկուրսը, թվում էր, թե սպառել է իրեն: Նախ լինելով մերկապարանոց մեղադրանքների դաշտից, մյուս կողմից էլ օր օրի բացահայտելով, որ հենց այս հարցը բարձրացնողների հարազատ շրջանակներն էին 2018-ին փողոցում «Սերժ մերժում»: Բայց, արի ու տես, որ չեն հանգստանում, չեն խաղաղվում…
Եվ ահա կրկին հայտնվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որի ողջ քաղաքական կապիտալն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարի կամքով՝ հաղորդավարից դարձավ երեսփոխան: Վերջինս վերստին սկսել է ցեխ շպրտել ՀՀԿ-ի ուղղությամբ, այն ՀՀԿ-ի, որի 55 պատգամավոր արձանագրված քվեարկությամբ դեմ էին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, մինչդեռ այսօրվա խորհրդարանական ամենամեծ ընդդիմության՝ «Հայաստան» դաշինքի մի շարք կարկառուն դեմքեր տեղավորվել էին Նիկոլի իշխանությունում կամ դոշ էին ծեծում նրա համար:
Ինչեւէ, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ասել, նույնիսկ հազար անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն: Նա հռետորական հարց է բարձրացնում. «Բա դուք ո՞ւր էիք այդ 2018-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները եւ հարցազրույցները՝ ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք»։
ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՈՎ Է ԲԵՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ, ԵՎ ՈՎ ՈՒՆԵՐ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Իսկ ինչո՞ւ 2018-ին քոչարյանականները չէին շրջանառում «Սերժնա բերել Նիկոլին», Արմեն Աշոտյանի գնահատմամբ, անբարոյական լոզունգը: Ըստ ՀՀԿ փոխնախագահի` դրա համար կար մի քանի պատճառ:
«Նախ, որովհետեւ իրենցից շատերն են իրականում եւ ակտիվ մասնակցել Նիկոլին բերելու մեջ։ Երկրորդը` իրենց թիմի մի մասը սպասումներ ուներ Նիկոլից։ Եվ երրորդը` չկար սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու քաղաքական նպատակահարմարությունը։ Սուտ խոսելու նպատակահարմարության գործոնը չկար նաեւ 2021-ին, բացի դրանից 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ գերվստահ լինելով ընտրություններով Փաշինյանին հաղթելու հեռանկարում, իրենց «без пяти» իշխանություն էին երեւակայում, իսկ մենք էլ իրենց աչքերում երեւի իրենց «бедный родственник»-ներն էինք», - ընդգծում է Աշոտյանը։
Եվ մի ծանր ու դաժան հարց է բարձրացնում Աշոտյանը՝ ուղղված ընդդիմադիր ուրիշ թեւի գործընկերներին. «Այդ ո՞նց է լինում, որ ես, ընկերներս, նույն Աղվան Վարդանյանը, ամենասկզբից տեսնում էինք Նիկոլ-վարչապետի կործանարար էությունը, իսկ նախագահ Քոչարյանի նման հմուտ, փորձառու եւ իմաստուն գործիչը չէր տեսնում…Իսկ կարո՞ղ է պարզապես նա այնքա՜ն ուրախ էր «Սերժին մերժելուց», որ չէր կենտրոնացել Նիկոլի ով լինելու վրա…»:
Նշենք, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է իր հեղինակած գրքում խոստովանել, որ իր դեմ հարուցված ապօրինի հետապնդումն է բացել իր աչքերը եւ ստիպել իրեն նոր քաղաքական հայտ ներկայացնել։ Միայն այս ժամանակ է Փաշինյան Նիկոլից նրա դրական սպասումներն ի չիք դարձել:
Այսքանից հետո՝ մնում է ասել, Արցախի հայաթափման եւ կորստի, բազմաթիվ բռնաճնշումների, ամենազանգվածային բողոքի ակցիաների ժամանակ շուրջ 2,5 տարի լռած Ռոբերտ Քոչարյանը բա արժե՞ր խոսեր, հետո էլ ագնեսախամոյաններին մղեր առաջին պլան, իսկ ինքը թաքնվեր հետեւում:
Համենայնդեպս, այն հարցրին, թե ինչու են իր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց կարճ ու կոնկրետ պատասխան. «Համենայնդեպս, որեւէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»:
ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԷՅՖՈՐԻԱՆ
Այն, ինչ տեղի ունենում Գյումրիում ավագանու ընտրություններից հաշված օրեր առաջ, ոչ պակաս հատկանշական է: «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի կողմնակիցները համացանցում լայնորեն տարածում են իր ծիկրակող լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի հետեւում, թե բա՝ եթե ուզում ես Քոչարյանը գա իշխանության, ընտրիր Կարեն Սիմոնյանին: Հարց է ծագում՝ եթե այս կարգի նույնացվելու էր «Մայր Հայաստան»-ը Քոչարյանի հետ, այդ դեպքում՝ ինչո՞ւ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմություն, չնետվեց ընտրապայքարի մեջ, ինչպես 2021 թվականին: Մի՞թե Ռոբերտ Քոչարյանը որոշել է տարանջատվել ՀՅԴ-ից եւ, ասենք, իր որդու՝ Լեւոն Քոչարյանի համար ստեղծել քաղաքական հենարան, որն այդպես էլ չկարողացավ ստեղծել իր համար:
Մեկ այլ քոչարյանասեր թեկնածու էլ Վարդան Ղուկասյանն է՝ Գյումրիի նախկին քաղաքապետը, որը զգուշացնում է չջղայնացնել իրեն, թե չէ հեղափոխություն կանի, վարչապետ կդառնա: Ի՞նչ կա, որ եթե Նիկոլ Փաշինյանի պես ոչ ադեկվատ գործիչը 7 տարի կարող է լինել պաշտոնի, ինչո՞ւ Ղուկասյան Վարդանիկը չի կարող, մեկ է, մեր ժողովրդի համբերության բաժակը ծակ է:
Այս իրավիճակում ասել, թե՝ Գյումրիի ընտրություններով հնարավոր է դառնալու գնահատել թուրքահպատակ իշխանությունների իրական վարկանիշը, գլխանց ասենք, որ անիմաստ գործ է:
«Այն որեւէ կերպ չի արտացոլելու իրական պատկերը», - զգուշացնում է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը: Իսկ մեկ առողջություն կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանն ավելի սթափեցնող կոշտությամբ է շեշտում. «Այս հայրենադավ սրիկաներից Գյումրիում չեն ազատվում, այլ` Երեւանում… Բավարար է «կուտ ուտելով» ապրեք ու մխիթարվեք, գոնե մի փոքր բանականություն աշխատեցրեք էլի …»:
ԻՍԿ ԵՐԲ Է ԳԱԼՈՒ ԱՎԻՆՅԱՆ ՏԻԿՈՅԻՆ ԴԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Իսկ Երեւանում դեռ իշխանությունն է փորձում ազատվել ընդդիմադիրներից: Երբ քաղաքական պատվերն իջեցվում է, քրեական համապատասխան գործ միանգամից է գտնվում: Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այս հարցով միջնորդություն է ներկայացրել խորհրդարանին ՀՀ գլխավոր դատախազը:
«Խոսքը դեռեւս 7 տարի առաջ՝ 2018թ. օգոստոսից հարուցված եւ այն ժամանակ մեզ հայտնի գրեթե բոլոր քննչական մարմիններում 3,5 տարի (մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը) անհասկանալի դանդաղկոտությամբ քննված քրեական գործի մասին է, որի շրջանակներում դեռեւս 2021 թվականին պարոն Մարգարյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Հիշյալ քրեական գործը 2022 թվականին ուղարկվել է դատարան եւ մինչ այս պահը քննվում է։ Հարկ է նշել, որ պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։ Դրանից հետո՝ արդեն 2025 թվականի մարտին նույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի եւ դատախազության մոտ առաջանում է մի հանճարեղ միտք առ այն, որ պարոն Մարգարյանը նույն փաստական տվյալների եւ նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլեւ իրականացրել է փողերի լվացում», - մանրամասնում է Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը, որը վստահ է՝ այս իրավական վեճը հաղթելու են, որովհետեւ թեկուզ այս պայմաններում, հնարավոր չէ գտնել որեւէ դատարան, որը մեղադրական դատավճիռ կկայացնի այս դեպքով:
Միանգամից հարց է ծագում՝ իսկ ե՞րբ են հայրենի իրավապահ մարմիններն անդրադառնալու Երեւանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Մարգարյանի օրոք Երեւանը ծաղկում էր, հիմա ոլորտ չի մնացել, որ չի քանդվել՝ տրանսպորտից սկսած վերջացրած կանաչապատումով, ավելի ճիշտ՝ ծառերի գենոցիդով: Ինչ ցանեք, այն էլ հնձելու եք, տիկնայք եւ պարոնայք… Հայաստանում անվարան գործող միակ օրենքը բումերանգն է, հիշե՛ք…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=308806&l=am/