ԼՐԱՑԱՎ ՄԵԾ ՀԱՅ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՐՃ ՍՈՂՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
Մարտի 15-ը, մեծ հայ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՊԵՐՃ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՂՈՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 100-ամյակն է լրանում։ Հայրենի գյուղի դպրոցում Հայոց լեզու էր դասավանդում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, սակայն նա գրիչը փոխարինեց զենքով։ Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցում սովորելուց հետո մեկնում է ռազմաճակատ, մասնակցում Ուկրաինայի, Բելառուսի, Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման համար մղվող մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Պատերազմից հետո աշխատել է պետանվտանգության համակարգում, եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, Կիրովականի ՆԳՆ բաժնի պետ, Արարատի շրջանի ներքին գործերի բաժնի պետ։ Պատերազմում ցուցաբերած բացառիկ խիզախության համար արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների։ Սողոյանը միշտ հպարտանում էր, որ եղել է լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը։ Սողոյանը կռվել հասել է մինչև Բեռլին, Ռայխստագի մատույցներում պարել Հայկական քոչարին։ Այսօր, նրա ծննդավայր Հայրենյաց գյուղի գերեզմանատանը գտնվող նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, Հայրենյացի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին ։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ներկաները ներկայացրեցին դրվագներ, պատմեցին հիշողություններ Պերճ Սողոյան անհատի, վաստակաշատ սպայի, սիրելի հայրիկի, սիրելի պապիկի մասին։ Սողոյանը շատ բարի, բոլորին օգնության հասնող, հիանալի անձնավորություն էր ։Մեծ հայի, Պերճ Սողոյանի պայծառ հիշատակը միշտ վառ է հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

