Զարեհ Սինանյանի գլխին «մութ ամպեր» են կուտակվել
ՆերքաղաքականԿառավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ այս օրերին «մութ ամպեր են կախված» մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գլխին, որոնց շարքում առաջնային տեղերից մեկում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Բանն այն է, որ ժամանակին Զարեհն այդ պաշտոնը ստացավ երկու պատճառով: Նախ, որ կարողանար հատկապես արեւմտյան աշխարհի հայկական սփյուռքի կողմից առնվազն լոյալ, եթե ոչ՝ աջակցող վերաբերմունք ապահովել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Երկրորդը` նա ամերիկյան նախկին վերնախավի կողմից միանգամայն ընդունելի կադր էր` ելնելով «իրեն հարգող» ամեն մի ծայրահեղ լիբերալին բնորոշ անձնական հատկանիշներից (երեւի չմանրամասնենք):
Բայց ահա, վերջին ժամանակներս Սինանյանի այդ երկու պատճառն էլ գործնականում չկան: Երկրորդը պարզ է. ԱՄՆ-ում այլ որակի իշխանություններ են, որոնց համար սինանյանական որակները ոչ թե ընդամենը անկարեւոր, այլ անընդունելի են: Եվ առաջին պատճառը, որն ավելի կարեւոր է. Փաշինյանի` ԱՄՆ եւ Եվրոպա վերջին շրջագայությունները ցույց տվեցին, որ արեւմտյան աշխարհում սփյուռքը ոչ միայ լոյալ չէ, ավելին՝ հիմնականում թշնամական վերաբերմունք ունի Նիկոլի հանդեպ: Ըստ աղբյուրի` ճիշտ է, դրա համար «մի քանի մուշտի» բաժին է հասել տեղի դեսպաններին, հյուպատոսներին եւ այլ պատկան պաշտոնյաներին, բայց նրանցից շատերը մեղադրանքների սլաքն ուղղել են հենց Սինանյանի ուղղությամբ: Թե նա պետք է հիմնականում նման հարցերը լուծեր, բայց ոչինչ անել չի կարողանում: Արդյունքում, աղբյուրի ակնարկմամբ, Սինանյանից ազատվելու հարմար առիթի են սպասում:

