Արագ արձագանք` ազգադավի ցնդաբանություններին. ՀԱՊ կուսակցություն
Ներքաղաքական
«Արագ արձագանք ազգադավի ցնդաբանություններին՝
Լսեցի այս անհայրենիք մանկուրտի ուղերձը և մարմնովս սարսուռ անցավ։
Սիրելի հայեր,
Դուք չեք էլ կարող ձեր ամենավատ երազում անգամ պատկերացնել, թե սա արդեն անթաքույց Ալիևի և Էրդողանի բոլոր պահանջները կատարելու պատրաստակամություն հայտնելով՝ ինչ է ուզում անել Հայաստանի, մեր ազգի և անհատապես յուրաքանչյուրիս հետ։
Համառոտ անցնեմ առավել վտանգավոր թեզերի վրայով՝
- Նախ՝ Ալիևի կողմից բազմիցս պահանջված նոր Սահմանադրության ընդունման մասին։ Այս անհայրենիք էակը համաձայնվել է Սահմանադրությունից հանել Հայաստանի հիմնադիր փաստաթուղթը, ծննդականը՝ Անկախության հռչակագիրը։ Սրա խորքային վտանգը կայանում է նրանում, որ դրանով վերանում է այս տարածքում գործող և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո հարց է առաջանալու՝ իսկ ի՞նչ իրավական կարգավիճակ ունի ՀՀ ներկայիս տարածքը։ Համոզված եղեք՝ Ալիևի կողմից այս պահանջի նպատակը մեկն է՝ իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի տարածքի հետագա զավթման համար, որը և սա հլու-հնազանդ իրականացնում է։
- Հաջորդը՝ ազգ-ժողովուրդ-հայ ժողովուրդ-Հայաստանի ժողովուրդ բառախաղն է։ Սրանով արդեն բացահայտ ձևով նա հող է նախապատրաստում Ալիևի հաջորդ պահանջի՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու համար։ Այս ամենով արդեն ակնհայտ է դառնում բանակի համակարգային քանդման, ազատամարտիկների հետապնդման, և սրան զուգահեռ՝ ոստիկանական ուժերի քանակի կտրուկ ավելացման իրական նպատակները։ Մենք, ապրելով մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված և քանակով մեզանից անգամներ շատ պետությունների հարևանությամբ, գոյատևել ենք միայն մոնոէթնիկ լինելու բերումով։ Այդ քանակությամբ ադրբեջանցիների մուտքը կործանարար է լինելու մեզ համար։ Նայե՛ք Կոսովոյին։ Այդ հողը ոչ միայն սերբերի պատմական հայրենիքն է, այլ նաև սերբ ուղղափառության կենտրոնը։ Ժամանակի ընթացքում էթնիկական թուրքերը՝ ալբանացիները, լինելով փոքրամասնություն, շատացան և Կոսովոն անջատեցին՝ այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի հովանավորությամբ։ Եթե այս անիծյալի դեմը չառնենք, նույնը սպասվում է մեզ։
- Բացի այս, Հայաստանի Հանրապետությունը հայտարարելով հայ ժողովրդի միակ հայրենիք, սա կատարում է Ալիևի հաջորդ խիստ վտանգավոր պահանջը։ Հարց՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցի համար ի՞նչ է Արցախը։ Եթե, օրինակ, Մարտակերտից ցեղասպանության արդյունքում Երևան տեղափոխված արցախցին հայտարարի, որ Արցախն իր հայրենիքն է, նա այս սրբապիղծների տրամաբանությամբ դավաճան է։ Հետևաբար՝ պետք է լռի, մոռանա ամեն ինչ, կամ՝ հետապնդվի։
- Եվ մեկ վտանգավոր բարբաջանք՝ «Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը»։ Հասկանու՞մ եք՝ մեզանից սրանք ինչ են ուզում ստանալ։ Եթե մարդը ամենաբարձր արժեքն է, ապա ինչո՞ւ Հայրենիքի, հավատքի համար մեր նախնիները, հայրերը զոհել են իրենց կյանքը։ Սա նշանակում է, որ նորմալ մարդու համար կան իրենից ավելի բարձր արժեքներ՝ Հավատք, Հայրենիք, Ընտանիք, հանուն որոնց նա պատրաստ է զոհել իրեն։ Եթե սրանք մնան և այս գաղափարախոսությամբ դաստիարակեն մեր երեխաներին, ապա մի առ ժամանակ հետո ստանալու ենք սերունդ, որը սպառող է, անարժեք, անհայրենիք, հետևաբար՝ հեշտ կառավարվող։ Սրան է սպասարկում նաև այն թեզը, որ պետությունը լավ ապրելու մասին է, քաղաքացու հիմնական պարտականությունն էլ հարկ վճարելն է։
- Վտանգավոր են նաև հայ ավանդական ընտանիքի մոդելի «զարգացման», Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այլ դավանանքների և հատկապես աղանդների հետ հավասար կարևորելու և այլ բազմաթիվ թեզեր, որոնք իրենց ամբողջության մեջ, կործանարար են լինելու մեզ համար։
Սիրելի ժողովուրդ.
Մինչև ե՞րբ ենք սա հանդուրժելու, արդյո՞ք թույլ ենք տալու, որ մեկ սրբապիղծը և նրա շուրջը հավաքված մի քանի հարյուր հոգի անդեմ, անսկզբունք, կենսագրություն չունեցող ուսապարկերը կործանեն բոլորիս։ Մտածե՛ք…չնայած՝ դրա ժամանակն էլ չունենք», - ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:
https://iravunk.com/sim/?p=305838&l=am/