Ռ. Սաֆրաստյան. «Էրդողանը սկսել էր «խանդել» Դավութօղլուին»
Արխիվ 16-20Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարեց պաշտոնը լքելու մասին: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջինիս հրաժարականին` կարճ ու կոնկրետ ասաց. "Բարով լինի: Դա վարչապետի որոշումն էր": Ի վերջո, թե ինչու Ա. Դավիթօղլուն հայտնվեց թուրքական քաղաքականության լուսանցքում եւ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում Էրդողանի կլանային իշխանությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ: Ըստ թուրքագետի` արդեն մի քանի օր է, ինչ նշմարվում էր, որ Ա. Դավութօղլուն նախապատրաստվում է իր հրաժարականին:
«ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԻ ԻՆՉ-ՈՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
– Ա. Դավութօղլուին, որը ղեկավարում էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, դեռեւս օրեր առաջ պատվիրեցին, որ զբաղվի կուսակցական տարածքային բաժանմունքների ղեկավարների նշանակման խնդիրներով: Սա նշան էր, որ նրան իշխանությունները` որպես կուսակցության ղեկավարի, արդեն սկսվում են սահմանափակել: Դավութօղլուն գիտնական Է կուսակցության մարդ չէ ու հեղինակություն էլ չուներ` որպես ինքնուրույն գործիչ: Բոլորը նրան ընկալում էին որպես Էրդողանի օգնական, եւ կարծում եմ` հաշվի առնելով Էրդողանի բնավորության հատկությունները, նորն էլ կլինի այդպիսի մարդ, որը չունի որեւիցե հեղինակություն: Էրդողանը չի հանդուրժում, որ իր կողքին լինի իրենից մի բան ներկայացնող գործիչ, որովհետեւ նա երբեք չի համաձայնում իշխանության լծակներից գոնե փոքր-ինչ հրաժարվելու մտքի հետ: Այնպես որ, հաջորդ վարչապետն էլ կլինի մեկը, որը, որպես պետական, քաղաքական գործիչ, հեղինակություն չի ունենա, որպեսզի չվտանգի Էրդողանի միանձնյա իշխանությունը:
– Խոսակցություններ կան, որ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքն է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Ի՞նչ կասեք վերջինիս հնարավոր կառավարման մասին:
– Դժվարանում եմ նրան բնութագրել որպես գործիչ, որովհետեւ նա ինչ-որ մի կարեւոր գործունեություն չի ծավալել, որ աչքի ընկներ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ով էլ լինի, Էրդողանի համար վտանգ ներկայացնող մարդ չի լինելու:
– Ըստ էության, կարելի՞ է ասել, որ մեզ համար էլ էական նշանակություն չի ունենա` Թուրքիայի վարչապետի աթոռին կլինի Էրդողանի փեսան, թե` մեկ ուրիշը:
– Ըստ իս` առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի նկատմամբ` Թուրքայի կողմից տարվող քաղաքականության մեջ, որովհետեւ առաջին հերթին Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները նախանշվում են Էրդողանի կողմից: Եվ երկրորդ` թուրքական վերնախավում ես մարդ չեմ տեսնում, որն այնպիսի հայացքներ ունենա, որը դրական կարող է լինել Հայաստանի համար: Բոլորն էլ նույնն են ու բոլորն էլ բացասական վերաբերմունք ունեն: Այնպես որ, որեւէ բարենպաստ առաջընթացի այս հարցում չեմ սպասում:
«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ»
– Երբ Ռուսաստանից մեղադրանքներ հնչեցին, որ Թուրքիան առեւտրային անօրինական համագործակցություն ունի Սիրիայի ահաբեկիչների հետ, ի պատասխան Դավիթօղլուն ասել էր, որ չկա նման բան, եւ եթե կարողանան ապացուցել, հրաժարական կտա: Կարելի՞ է ասել, որ սրանով եւս մեկ անգամ փաստվեց, որ Թուրքիան իսկապես համագործակցում է Սիրիայի ահաբեկիչների հետ:
– Դրանք իրար հետ պետք չէ կապել: Կարծում եմ` Դավութօղլուի հրաժարականը հենց այն հանգամանքի արդյունքն էր, որ նրա հեղինակությունը սկսում էր բարձրանալ, ինչը չէր կարող հանդուրժել Էրդողանը: Մինչդեռ երբ նա Էրդողանի կողմից նշանակվեց այդ բարձր պաշտոնին եւ կուսակցության ղեկավար դարձավ, չուներ ոչ մի հեղինակություն: Պարզապես, վերջին շրջանում եվրոպացիների հետ գործարքից հետո, որով նրանք գնացին իրենց արժեքների ոտնահարման ուղիով ու համաձայնեցին Թուրքիայի պահանջների հետ, իրավիճակ փոխվեց: Այդ առաջարկի եւ ծրագրի հեղինակը Դավութօղլուն էր, եւ դրա արդյունքում նա բավական հեղինակություն սկսեց վայելել եվրոպական որոշ շրջանակների մոտ` մասնավորապես Գերմանիայի կանցլերի: Եվ կարծում եմ, որ հենց սա իր դերը կատարեց, որ էրդողանը սկսել էր "խանդել" Դավութօղլուին:
– Ի դեպ, թուրքական կողմից կրկին հայտարարություններ են հնչում, որ Սիրիայում նոր գործողությունների են անցնելու ցամաքային ճանապարհով: Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը նոր ալիք կբարձրացնի:
– Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, եւ սա Թուրքիայի գործողություններ սկսելով չէ պայմանավորված: Ռուսաստանը հայտարարել է, որ եթե Թուրքիան ներողություն չխնդրի, ոչ մի դրական քայլ իրենց կողմից չի լինի: Այնպես որ, այդ հարաբերությունները մնում են ցածր մակարդակի վրա եւ լարված: Իսկ այն, որ Թուրքիան շարունակում է գրեթե նույն բանն անել, ինչ-որ միշտ էր անում Սիրիայում, ինձ համար ակնհայտ է: Թուրքիան շարունակում է իր կողմից հովանավորվող իսլամական ծայրահեղական խմբավորումներին զենք ու զինամթերք ուղարկել, ինչպես նաեւ այլ տեսակ օգնություն: Նա փորձում է վերակենդանացնել ապստամբելու ծրագիրը եւ, ըստ էության, կարողանում է լկտիաբար, առաջ տանել Սիրիայի ծայրահեղականներին աջակցելու իր քաղաքականությունը, որը քննադատվում էր աշխարհի, այդ թվում` Ռուսաստանի ու նույնիսկ իր դաշնակիցների կողմից:
«ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉ»
– Անդրադառնանք նաեւ Թուրքիայի Միլի մեջլիսում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ կիզակետում հայտնվեց ազգությամբ հայ ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը: Կարելի՞ է համարել, որ սա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Կ. Փայլանի հայտարարություններով էր պայմանավորված, թե զուտ ընդդիմություն-իշխանություն անհանդուրժողականության խնդիր է:
– Իմ ընկալմամբ` որեւիցե գործիչ Թուրքիայում, մանավանդ` ազգությամբ հայ, որը ցուցաբերում է ակտիվություն ու իշխանությունների քաղաքականությունը քննադատում է, իր կյանքը ենթարկում է վտանգի: Թուրքիան այդպիսի երկիր է, ուստի` ինձ համար, ճիշտն ասած, անակնկալ չէ, որ հայազգի պատգամավորը այդպիսի ճնշման է ենթարկվում: Չեմ բացառում, որ հետագայում էլ նրա նկատմամբ այլ սադրանքներ կազմակերպվեն: Չմոռնանաք Հրանտ Դինքին, որին սպանեցին... Այսօր վտանգավոր է Թուրքիայում լինել ընդդիմադիր գործիչ, այն էլ` հայ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

