Ավինյանը Նիկոլից առաջ ընկավ

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

«Էն, ինչ-որ համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՝ չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք…», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, անուղղակիորեն կասկածի տակ դնելով առնվազն Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը:

Դեռ թողնենք մի կողմ, որ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ այն պարզ ճշմարտության պատճառով, որ այդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Պարզապես, հայտնի լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը, այն գործածության մեջ է դրվել 1944 թվից: Բայց սա չէ ուշագրավը, այլ այն, թե ուր էին նայում Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, երբ նման հայտարարություն էր հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից: Չէ որ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են, ինչո՞ւ տեղում պատասխան չտվեցին ու փոխարենը՝ բերանները ջուր առած՝ նստել էին։

Մի՞թե սա իրենց չհիշեցրեց ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցածը. Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ Դողու Փերինչեքը հենց Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շվեյցարական դատարանը թուրք ազգայնական գործչի այս հայտարարությունը ռասայական խտրականության էր որակել եւ 2008թ.-ին նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թե ինչ եղավ ՄԻԵԴ-ում շուրջ մեկ տասնամյակից ավել տեւած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը, հայտնի աղմկոտ պատմություն է, բայց այսօր հատկանշական կլիներ տեսնել այն ժամանակ հայկական շահերը ներկայացնող միջազգային հայտնի փաստաբան, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ Ամալ Քլունիի դեմքի արտահայտությունը, երբ նա իմանար, որ նույն պատմությունը կրկնվում է 20 տարի անց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրածի շուրթերով:

Շվեյցարիայի հայ համայնքը սա կհանդուրժի՞, արդյոք կդիմե՞ն շվեյցարական դատարան՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այդ դեպքում՝ շվեյցարական դատարանը չնկատելո՞ւ կտա՝ երկակի եվրաստանդարտների շրջանակում, թե՞ վաղը Փաշինյան Նիկոլի նկատմամբ կհարուցվի միջազգային հետախուզում ու առնվազն դավոսներում ու ցյուրիխներում վերջինիս առաջ դռները կփակվեն մեկընդմիշտ, ցույց կտա ժամանակը: Գուցե Պապ թագավոր այդպես էլ չդարձած Նիկոլը դառնա «Փերինչեք-2», որը 20 տարի անց կդառնա Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հաստատման առհավատչյան՝ այն էլ ոչ բարով հայի բերանով: Իսկ մեզ մնում է հիշեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերը Ծիծեռնակաբերդում. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ»:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐՏԸ ԴՈՂ Է ԸՆԿԵԼ

Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե սա էլ մարսեցին: Բայց այն, որ անգամ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն է լծվել Նիկոլ Փաշինյանի ասածին այլ փաթեթավորում տալուն եւ պնդելուն, թե վերջինիս ասածի մեջ Հայոց ցեղասպանության հերքում, մերժում կամ ուրացում չկա, առնվազն նշանակում է, որ այս անգամ ասվածն այդքան էլ դյուրամարս չի եղել: Եվ, ընդհանրապես, իշխանական վախերն այլեւս եւ որեւէ հարցում թաքցնել հնարավոր չի լինում: Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայից վերադարձել է ու անմիջապես հարցազրույց տվել Հանրայինով, նախատեսում է ասուլիս տալ՝ շաբաթվա վերջին, էլ չասենք իր հետ նույն տանիքի ներքո ապրող կնոջ Աննա Հակոբյանի հետ ընտանեկան, այսպես կոչված, փոդքաստների, ֆեյսբուքյան ստատուսների ու ուղիղ եթերների մասին: Այո՛, Փաշինյանն անհանգիստ է, իրավիճակը կամաց-կամաց դուրս է գալիս իր վերահսկողությունից, եւ նա փորձում է անիմաստ ակտիվությամբ գոնե իր քաղաքական թիմին ցույց տալ, թե դեռ իրավիճակի տերն է: Հենց դրա համար էլ պնդերեսի պես կրկին հայտնվում է Եռաբլուրում ու կրկին վաստակում զոհվածների ծնողների անեծքներն ու լուտանքները:

Ի դեպ, Եռաբլուրում գտնվեցին պատերազմի մասնակիցներ, ովքեր չցանկացան սեղմել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ձեռքը: Բայց դրան զուգահեռ եղան նաեւ զինվորականներ, ովքեր խուսափեցին ողջունել ԱԺ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության խմբակցությունը ղեկավարող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ձեռքը: Սա սոցցանցերում փորձեցին փաթեթավորել, թե մարդիկ վախեր ունեն բարեւել ընդդիմադիրներին, ինչն աբսուրդ մեկնաբանություն է: Իսկ գուցե այս իշխանությունից վաղուց արդեն հիասթափված մարդիկ չե՞ն վստահում նաեւ այն ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր նույն 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հանձնման պրոցեսի, մեղմ ասած, իրենց բաժինն ունեն: Նույն Սեյրան Օհանյանն այն ժամանակվա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի հետ էր: Ավելին՝ հենց Սեյրան Օհանյանն է իր հարցազրույցներում փաստել, որ Շուշիում իրար հետ են եղել, իրար հետ էլ հեռացել են այնտեղից: Օհանյանի տեղեկացմամբ` 2020 թվականի նոյեմբերի 7-ին Արգիշտի Քյարամյանը խնդրել էր իրեն, որ իր մեքենայով իրեն էլ Երեւան տեղափոխի, եւ միասին վերադարձել են մայրաքաղաք: Իսկ թե ինչ եղավ մեկ օր անց, այսօր բոլորի աչքի առաջ է:

ԱՎԻՆՅԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ

Ինչեւէ, որքան էլ ընդդիմության շարքերում գտնվողների հետ կապված դեռ բազում հարցեր կան ու վաղուց օրվա հրամակայանն է մաղով անցկացնել եւ տեսնել, թե ով, երբ ինչով էր զբաղված, ով է իրականում պայքարում օրվա իշխանության դեմ, ով է զբաղված նրանց պահելով, ակնայտ է, որ սոցիալական բունտ է հասունանում՝ այլեւս չսպասելով, որպեսզի հանրային բողոքի ալիքն առաջնորդեն՝ ընդդիմադիր լիդերները: Համատարած հայտարարագրեր, հարկերի բարձրացում, տրանսպորտի գնի թանկացում… Սա է այսօր քաղաքացու գլխավոր խնդիրը: Այն, որ սոցիալական բունտը կամաց-կամաց ուրվագծվում է, դրանից քաջատեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանն ու իրավիճակից օգտվել ցանկացող, ճիշտ ժամանակին թեմայի մեջ մտած որոշ անվստահելի ուժեր: Բայց, արի ու տես, որ մինչ բոլորը կանխատեսում էին, որ տրանսպորտի գնի թանկացումն ավարտվելու է «Ավինյան, սիրուն չի» արտահայտությամբ եւ Փաշինյանի հերթական էժանագին փիառով՝ «ժող ջանի» ականջը շոյելու համար, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արեց իր արեւին ձիով քայլ:

«Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղեւորատոմս. մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում: Առաջարկվող մեկ ուղեւորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,- ասել է Ավինյանը: Բացի այդ, նախատեսվում է հունվար եւ փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել եւս մեկ ամսով. «Եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ՝ հունվար կամ փետրվար ամիսներին, ստանում եք միանգամից երկու ամսվա փաթեթ։ Եթե գնել եք եռամսյակային կամ տարեկան փաթեթներ, ստանում եք հավելյալ մեկ ամիս»: Ու այսպես՝ շարունակում են օդ կրակել մտքեր ու սպասել, թե որ կուտը կուտի հանրությունը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով վերոնշյալին, արձանագրում է. «Երեք օր առաջ 10 հատանոց փաթեթը 2200-ից դարձնում են 2000, երեք օր հետո՝ մեկ ուղեւորափոխադրման վճարը դարձնում են 150 դրամ: Կառավարման ունակությունները ֆանտաստիկ են: Պարզապես լուր տալով գնում են՝ առանց ավագանու որոշման, տրամաբանության, իրար հետ կապեր ապահովելու: Կարևորը մեդիադադաշում հայտնվելն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=304113&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան