Արտավազդ Փելեշյան. «Ժամանակն է Փելեշյանի դեմ, այլ ոչ թե Փելեշյանը ժամանակի դեմ»
Արխիվ 16-20Մայիսի 5-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողվրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը եւ մաեստոյի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, կինոռեժիսորներ, գրողներ եւ մշակույթի այլ գործիչներ:
«Դրոշմման ժամանակը» գրքում ամփոփված է Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածները: «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը մշակույթի նախարարության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ ռեժիսոր Հայկ Օրդյանի համատեղ աշխատանքն է, որտեղ Արտավազդ Փելեշյանի մասին խոսում են հանրահայտ վավերագրողները, կինոգետները, կինոաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչները: Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով` Փելեշյանի կինոն ու բառն այդքան էլ «հաշտ» չեն միմյանց հետ.«Փելեշյանն իր ֆիլմերը նկարում է առանց բառերի, որովհետեւ բառը մարդուն տրված է իր մտքերը թաքցնելու համար: Մենք խոսում ենք միայն մեր իսկությունը թացնելու համար: Այդ պատճառով էլ Փելեշյանը վտարում է բառը, կինոն ազատագրում բառից, քանզի բառը կարող է լինել ժամանակավոր, իսկ պատկերը` հավերժական»,-միջոցառման բացման իր խոսքում նշեց Դ. Մուրադյանը:
Կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ կարեւորեց երկհատորյակի լույս ընծայումը, որը նրա բնորոշմամբ` իր պարունակությամբ անչափելի է.«Անչափելի է, իբրեւ հայ հողից ծնունդ առած գեղեցիկի եւ միջազգային մշակութային իրականաության հետ հարաբերության մեջ մտած եւ մեկ ընդհանրություն դարձած արժեք, որտեղ իրենց խոսքն են ասում աշխարհի խոշորագույն վարպետներն ու արվեստագետները: Երբ այսպիսի խոսքերն են ասում Արտավազդ Փելեշյանին, անշուշտ այն խոսք է ուղղված հայերին, յուրաքանչյուրիս առանձին-առանձին: Մենք նորից լցվում ենք հպարտության զգացումով, որովհետեւ , այսքան խառնակության, ատելության, լարվածության մեջ, այնումանեայնիվ գեղեցիկի միջոցով մեր կապը աշխարհի հետ չենք կտրում»,-ընդգծեց Տիգրան Մանսուրյանը:
Արտավադ Փելեշյանը, ով ընկերների նկարագրությամբ մեծ հումորով, սակայն քիչ շփվող անձնավորություն է, միջոցառման ժամանակ բեմ բարձրանալով խոսեց կինոյի եւ ժամանակի մասին.«Իմ կարծիքով կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, սակայն տեխնիկապես հայտնվել բոլոր արվեստներից հետո: Բոլոր քարանձավային նկարների շարժումները, դրանք կինո են: Կինոն ունի իր առանձնահատուկ վերաբերմունքը ժամանակի նկատմամբ: Իմ գիրքը կոչվում է «Դրոշմման ժամանակը», ամբղջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն դա դրոշմված`այսինքն գրանցված ժամանակն է: Համարում եմ, որ ժամանակը չի գրանցվում կամ դրոշմվում, այլ ժամանակի մեջ գրանցում են ինչ-որ բաներ: Ժամանակը, երբեք չի գրանցվել ժապավենի վրա: Կինոն ժամանակի համար հիշողություն է: Կինոն դեմ է ժամանակին: Օրինակ Լեւ Տոլստոյը, երբ առաջին անգամ կինո է դիտել, վախից լեղաճաք է եղել, ասել է այմարդ ի՞նչ է տեղի ունենում, պատին պակերներ են շարժվում, վախեցել է: Ես չեմ կարող ժամանակին դեմ լինել, ժամանակն է Փելեշյանի դեմ, այլ ոչ թե Փելեշյանը ժամանակի դեմ: Իմ ֆիլմերում քիչ եմ օգտագրծում բառեր`ժամանակի պատճառով, խնայում եմ հանդիսատեսի ժամանակը»,-նշեց մեծանուն կինոռեժիսորը եւ շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր ներկաներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

