«Փաստ». Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար»
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների, ի դեպ, նաև՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի ՆԳ արդեն նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիի ու նույն համակարգի ևս մի քանի պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների են դիմում վրացական ՆԳՆ նշված պաշտոնյաների դեմ, քանի որ նրանք (ուշադրություն). «Մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ դաժան բռնաճնշումներին»:
Բայց դեռ մի կողմ Վրաստանի ու ԱՄՆ հեռացող վարչախմբի հարաբերությունները, չհաշված՝ Մեծ Բրիտանիան:
Այստեղ այլ հարց է հետաքրքիր: Երկդիմի, երկակի չափանիշների, երկերեսանի պահվածքի հարցը, որն ամեն անգամ դրսևորում է Արևմուտքը:
Թե ինչ էր կատարվում Թբիլիսիում օրեր, շաբաթներ առաջ, բոլորս տեսանք: Երկրի հեռացող նախագահ Զուրաբիշվիլու հրահրմամբ «արևմտամետները» փորձեցին փողոցային եղանակով հեռացնել օրինական իշխանություններին, ըստ որում, ցուցարարները ոչ մի կերպ խաղաղ չէին:
Բայց ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Արևմուտքը այդ ամենը նորմալ էին համարում, ու հակառակը՝ սպառնալիքներով, արդեն նաև՝ պատժամիջոցներով են խոսում այդ երկրի ընտրված իշխանության հետ:
Իսկ, այ, Հայաստանում փաշինյանական իշխանությունները ուժայինների միջոցով գազանաբար հարձակվում էին խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր գործիչների, լրագրողների վրա: Ծեծում էին, քաշքշում, բանտարկում, կալանավորում: Օրը ցերեկով 30 կամ ավելի նռնակներ էին ոստիկանները նետում խաղաղ ցուցարարների վրա, դրա հետևանքով 100 և ավելի մարդ վիրավորվեց, մեկը հաշմվեց...