«Կարող է՝ մի օր թոռնիկդ դպրոցից էլ տուն չվերադառնա». Ալեն Սիմոնյանը Աղազարյանին թոռնիկով են սպառնացել
ՆերքաղաքականSocialMedia.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի փակ հանդիպումը շատ թեժ է անցել։
Ալեն Սիմոնյանը սպառնալիքներ է հնչեցրել Աղազարյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, ընդհուպ ասել է՝ «կարող է՝ մի օր թոռնիկդ դպրոցից էլ տուն չվերադառնա»։
Տեղեկությունը ճշտելու համար SocialMedia.am-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ։ Վերջինս, սակայն, խնդրեց իրեն ավելի լուրջ հարցեր տալ։
-Նման խոսակցություն, սպառնալիքներ չե՞ն եղել Ձեր և Ալեն Սիմոնյանի խոսակցության ժամանակ։
-Իհարկե, ոչ։
-Դուք երեկ պնդում էիք, որ ավելի լավ է Ալեն Սիմոնյանը Ձեզ սպառնար, քան արեց այն, ինչ արել է։ Այդ ի՞նչ է արել նա, որ ազդվել եք, ու որոշեցիք Ձեր՝ մանդատ դնել-չդնելու որոշման մասին չհայտարարել։
-Դուք նայեք իմ պարզաբանումը, ես էմոցիոնալ բան եմ ասել, որը սխալ է հասկացվել, ճիշտ հակառակն է եղել, կարդացեք իմ պարզաբանումը, խնդրում եմ, 24news.am-ին։
-Պարո՛ն Աղազարյան, պարզապես Դուք անընդհատ փոխում եք Ձեր խոսքը, որոշումները, ուզում էինք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում իրականում։
-Լավ եմ անում։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ չի կարող մանրամասներ ասել իր եւ Ալեն Սիմոնյանի զրույցից, որովհետև հարմար չի գտնում։
«Ես մանրամասներ ասելու իրավունք չունեմ։ Ինքը թող ասի, ինչ ուզում է, թող ասի: Ես որևէ մանրամասներ պարոն Սիմոնյանի, ով Ազգային ժողովի նախագահն է, և իմ զրույցից կոռեկտ չեմ համարում ասել:
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ էլ սպառնար, քան այն, որ ինքը իմ հետ խոսեց այդպես: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր ր թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- մանրամասնել էր Աղազարյանը:

