Մեզ մենակ դա էր պակաս. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Համաձայնեք, որ անվերջ կարելի է նայել վառվող խարույկին, ծովի ալիքներին ու թե ինչպես են իրար բզկտում նախկին ու ներկա նիկոլականները: Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ հայտարարել է, որ ընդունում է Սորոսի հիմնադրամից սնվող լրատվամիջոցներից մեկի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։ Թարսի պես էլ Տիգրան Ավինյանը մեկնել է գործուղման Միացյալ Նահանգներ եւ ահա Մարությանն առաջարկել է բանավեճը կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել էր մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երեւանն ընտրում է» հեռուստաբանավեճին: Իսկ հիմա հանկարծ ինչո՞ւ «դուխավորվեց»:
Նիկոլ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, կարծես, դարձել է վերոնշյալ խորագրի մշտական հյուրն իր գերակտիվությամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա վաղաժամ հղել է իր 2025 թվականի ուղերձն ու տարին հռչակել՝ կրթվելու տարի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկրի ղեկավարները կամ քաղաքական ու հոգեւոր առաջնորդները տարեմուտի իրենց ուղերձում, իսկ վերջին տվյալներով՝ Աննան ո՛չ մեկն է, ո՛չ` մյուսը: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանին այսպիսի ապտակ հասցնում սեփական կինը: Թեպետ դրա պատասխանը գտել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը. «Նիկոլ-Աննա զույգը հերթական ահռելի երազն են տեսել բոլորիս համար, իսկ շատերը կամ չեն հավատում, կամ ծիծաղով են վերաբերվում դրան: Բայց վտանգը շատ ավելի մոտ է նրանից, ինչ ենթադրում ենք: 2025 թվականը կարող է լինել ոչ թե կրթվելու, այլ Աննայի վարչապետ դառնալու տարի»: Ի՞նչ ասես, մեզ մենակ դա էր պակաս…
Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ շարունակում է դրականորեն զարմացնել իր հաստատակամությամբ՝ ընտանեկան եւ քրիստոնեական արժեքների պահպանության հարցում: Նա օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրված է սեռափոխությունը։ Օրինագիծը փոփոխություններ է մտցնում Ընտանեկան օրենսգրքում, ըստ որի՝ արգելվում է ռուս երեխաներին որդեգրել եւ խնամակալության հանձնել այն պետության քաղաքացիներին, որոնց երկրում թույլատրվում է սեռափոխությունը։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ խոսքը վերաբերում է սեռը փոխելուն ուղղված դեղամիջոցների օգտագործմանը, ինչպես նաեւ առանց համապատասխան բժշկական միջամտության անձը հաստատող փաստաթղթերում սեռին վերաբերող փոփոխություններ կատարելուն։ Է՛հ, տարոսը մեզ:
Հատկանշական է այն, որ այս ֆոնին գնալով ավելանում են Ռուսաստանի երկրպագուներն Արեւմուտքում: Գերմանիայի նախկին կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ հայտնել է, որ ճիշտ է համարում 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինային դաշինք չընդունելը, քանի որ Կիեւի անդամակցությունը կազմակերպությանը կդրդեր Ռուսաստանին ռազմական գործողությունների։ Չէ, այսպես որ գնա, վերջում Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ երդվելու է Պուտինի արեւ:
Զարմացած է «Իրավունք»-ը
https://iravunk.com/sim/?p=298596&l=am/