Ձեր մասնակցությունը կարող է վճռորոշ լինել. «Գոյ»-ը հրավիրում է կարեւոր դատական նիստի
Մշակութային
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնը տեղեկացնում է.
Նոյեմբերի 25-ին, ժամը՝ 15:00-ին, Վարչական դատարանում (hասցե` Գարեգին Նժդեհ 23) տեղի կունենա կարևոր դատական նիստ։ Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։
«Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։
«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ստեղծագործական ազատության հենարան՝ ներկայացնելով արվեստի նորարարական մոտեցումներ։ Թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը։
Այս նիստը Հայաստանի մշակութային ապագայի համար կարևոր նշանակություն ունի։ Մենք հրավիրում ենք լրագրողներին, արվեստասերներին և մեր աջակիցներին ներկա գտնվել դատական նիստին և իրենց աջակցությունը հայտնել «Գոյ» թատրոնին։ Ձեր մասնակցությունը կարող է վճռորոշ լինել։
Աջակցեք «Գոյ»-ին։
Պաշտպանեք արվեստը։