Գյումրիի արտահերթը՝ լակմուսի թուղթ ԱԺ արտահերթի համար

Վերլուծություն

Գյումրիում ավագանու արտգահերթ ընտրություններն այլեւս սարերի հետեւում չեն: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամեն ինչ արեց, որպեսզի այն տեղի ունենա: Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէր, որ ՔՊ-ն էլ չէր կարողանում հանդուրժել, որ հայրաքաղաքում քաղաքային իշխանությունը լիներ ոչ թե իրենը, այլ «Բալասանյան» դաշինքինը: Պարզապես, առկա իրավիճակում ամենահարմար տեղը, որտեղ կարելի է փորձարկել ընտրություններ եւ իրականում շոշափել հանրային տրամադրություններն ու սեփական վարկանիշի պատկերն ունենալ, թերեւս այստեղ է:

Այս առումով Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունները կարող են դառնալ լակմուսի թուղթ՝ Ազգային ժողովի հնարավոր արտահերթ ընտրությունների համար: Ընդ որում՝ սա նաեւ լավ առիթ է քաղաքական ուժերի ռեսուրսները սեւեռել Գյումրիի վրա եւ շահել եւս մի քանի ամիս, որպեսզի երկրում տեղի չունենա իշխանափոխություն: Ըստ էության, ասել, թե այս տարի կարող են լինել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, իրատեսական չէ: Փողոցում գերիշխում է ավելի շատ պոպոկ-պնդուկ-մանդարին Ամանորի նախապատրաստական տրամադրությունները, քան քաղաքական իրավիճակ փոխելու ցանկությունը:

Եվ ահա գտնվեց լուծումը՝ էլի ամեն ինչ սկսվում է Գյումրիից, այնտեղ էլ քաղաքական ուժերը ցույց կտան, թե ով ինչքան վարկանիշ ունի հիմա: Այս փորձարկումը, կարծես թե, նպաստավոր է նաեւ ընդդիմության համար: Մնում է միայն հարցերի հարցը, թե կկարողանա՞ն առանցքային ընդդիմադիր ուժերը համախմբվել եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե սահմանափակել երկրի հյուսիսում: Բայց արդյոք հնարավոր է նիկոլական իշխանությանը հաղթել ընտրապայքարի միջոցով…

«ԲՌՆԱՊԵՏԵՐԸ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՀՀԿ փոխնախագահը «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռահար ձեւաչափով անդրադարձել է այս հարցին եւ նշել. «Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչեւ հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին։ Նիկոլի պահվածքը հենց այսօր, հենց հիմա նույն Գյումրիի կամ Ընտրական օրենսգիրքը հանդուգն, չլսված ու չտեսված կերպով փոփոխելու օրինակով կրկին ապացուցում է, որ նա ունակ չէ պահպանել տարրական Fair play (արդար խաղ) կանոնները ընտրական գործընթացներում»։

Արմեն Աշոտյանն արդարացիորեն ընդգծում է, որ այսօրվա վիճակի կարեւորագույն պատճառներից մեկը 2021-ի արտահերթին ընդդիմության մասնակցությունն էր։

«Ես չեմ կարող կանխատեսել գալիք ընտրությունների ճշգրիտ արդյունքները, ինչպես նաեւ հստակ կանխորոշել մեր կուսակցության մասնակցության հարցը։ Սակայն մի բան ակնհայտ է. Նիկոլը բռնապետ է, իսկ բռնապետերը չեն հրաժարվում իշխանությունից։ Բռնապետերին պետք է իշխանությունից հեռացնել։ Ընդդիմության ռազմավարական ծրագրերը այս փուլում, ավաղ, կյանքի չեն կոչվել, ուստի՝ այն ստիպված զբաղվում է տակտիկական հարցերով։ Ընդդիմադիր շարքերում գայթակղություն է առաջանում անհաջողության նյարդային լարվածությունը պարպել իրար վրա, ինչը տակից խրախուսվում է ռեժիմի կողմից», - ասում է ՀՀԿ փոխնախագահը եւ հարց բարձրացնում, թե իրենց ընդդիմադիր երեւակայող որոշ շրջանակներ, որոնք արտահերթի թեման փորձում են շրջանառել, կարո՞ղ են պատասխանել, թե՝ արտահերթին, բացի իշխանություններից, ո՞վ է պատրաստ։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՍՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջեւ, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։

«Այդ ընտրության էությունը հետեւյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։ Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է», - ասում է Հովհաննիսյանը եւ հավելում, որ իշխանությունը, բնականաբար, ունի իր հաշվարկները, եւ նրան ձեռնտու է 2021-ի մրցակցային պատկերը։ Իշխանությունը բնականաբար հասկանում է, որ չունի նախկին ձայները (680 հազար), բայց հասկանում է նաեւ, որ մյուսները նույնպես չունեն իրենց արձանագրած ցուցանիշները։ Համաչափ (կամ նույնիսկ անհամաչափ) կորուստներով նույն մրցակցային դաշտը հնարավորություն է տալու իշխանությանը՝ վերարտադրվելու։

Ըստ Վահե Հովհաննիսյանի` իշխանությունն անթաքույց գնում է ընտրությունների։ Ուստի՝ արտահերթ, թե հերթական ընտրություններով այս իշխանությանը հաղթելու եւ երկրում խորքային ռեստարտ ունենալու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր գաղափարներ։

«Այստեղ սիրել-չսիրելու հարց չէ, եւ հատուկ ընդգծեմ, ներկա-նախկին հարց չէ. առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք եւ հաջողության հավանականություն ունեն նաեւ 2021-ի դերակատարները։ Այլ հարց է, որ դա պետք է արվի ճիշտ ձեւաչափերով ու ճիշտ ասելիքով։ Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում, լինի հերթական, թե արտահերթ, ավելի քան հնարավոր է հաղթել եւ ձեւավորել նոր իշխանություն։ Բայց դա հնարավոր է անել, եթե լինեն նոր միավորներ, նոր, թեկուզ այս պահին անհավանական թվացող դաշինքներ, նոր ասելիքով։ Գոնե այն պարզ պատճառով, որ այսօրվա եւ 2021-ի իրականությունները լրիվ տարբեր են», - այսպիսի լավատեսություն է հայտնում Հովհաննիսյանը:

Պարզ ասած. իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի։ Հետեւապես, ստացվում է, որ պետք է կարողանալ ձեւավորել հավաքական մի 3-րդ ուժ, որը կգնա ընտրության՝ իշխանություն վերցնելու եւ մեր պետությանն առաջարկելու բան կունենա: Եվ այստեղ էլի հանգում ենք Արմեն Աշոտյանի հարցադրմանը՝ ո՞վ է պատրաստ:

ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Հատկանշական է, որ անկախ նրանից՝ պատրաստ են, թե՝ ոչ, առաջարկելու բան ունեն, թե՝ ոչ, քաղաքական դաշտում ակտիվացել են չլսված ու չտեսնված ուժեր: Օրինակ` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին սկսել է մտահոգվել երեւանցիներով ու տրանսպորտի հնարավոր թանկացումով: «Եվրաքվե» նախաձեռնության կարկառունները, որոնք ընդամենը օրեր առաջ իրենց քաղաքական հեռատեսությամբ երդվում էին, թե՝ Միացյալ Նահանգներում նախագահ է ընտրվելու Քամալա Հարիսը, իրենց հավաքած 60 հազար ստորագրություններով ուզում են տպավորություն թողնել, թե վաղը իրենց ԱԺ մտնելով՝ Եվրամիություն էլ կմտնեն:

«Սրանց ոչ միայն միավորում է թերուսին ծառայելն ու մանիպուլյանտ լինելը, այլեւ ամոթ չունենալը... Սրանք չեն ամաչում իրենց կեղծ, մանիպուլյատիվ թեզերի համար... Դե իսկ կեղծ ու զավեշտալի կանխատեսումների մասին էլ չխոսեմ... », - արձանագրում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Եվ այս շարքը անթիվ ու անհամար է՝ սկսած «Ելքի» կազմում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ բերող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանից, ով հիմա հանկարծ սկսել է պրոռուսական դիրքերից հանդես գալ: Չե՞ք հավատում, բա հանուն նրա, որ հավատաք, անգամ ամերիկաբնակ քաղաքական մեկնաբան Արմեն Չիբուխչյանի լուսանկարն է պատռում՝ ի տես ամենքի:

Այսպիսի աննախադեպ դեպքեր, դեռ շատ ի հայտ կգան առաջիկայում, որովհետեւ, ինչպես նշում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, իրականությունն այն է, որ Ուկրաինայում պատերազմի սառեցում չի լինելու, տարածքների ոչ մի բաժանում չի լինելու, Ռուսաստանը հասնելու է իր բոլոր նպատակներին. «Այս իրողությունից ելնելով էլ` պետք է անել հաշվարկները Հայաստանի մասով»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում