«Փաստ». Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ քպական Անդրանիկ Քոչարյանը դժգոհ է իրենց պատգամավորներից: Իսկ դժգոհության իմաստն այն է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ քպականները շատ քիչ էին, եղածներն էլ ակտիվ չեն եղել ու, ինչպես հարկն է, ուժայինների «պորտը տեղը չեն դրել»: Այնինչ, Անդրանիկ Քոչարյանին ու իր «խմբակին» անհրաժեշտ է այս բլոկն ամբողջությամբ իր ազդեցության տակ պահել և այդ ճանապարհին մաքսիմալ նեղը գցել առայժմ գոնե ԱԱԾ տնօրենին, ՆԳ նախարարին, Քննչական կոմիտեի նախագահին: Մամուլում նույնիսկ գրվեց, թե քպականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել:
Գումարած՝ մեղմ ասած, ակտիվ չեն «ընթացիկ սևացման» պրոցեսներում: Արդյունքում լսումները այդ տեսանկյունից փաստացի տապալման եզրին են եղել, և օգնության է հասել Հովիկ Աղազարյանը՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ իր հայտնի կոնֆլիկտով: Անդրանիկ Քոչարյանը, մեր քպական աղբյուրների փոխանցմամբ, մտահոգված է, որ կուսակցության ներսում որոշակի թևեր իր դեմ են աշխատում, իր պլանները կարող են ձախողվել, և իր միակ «հաջողությունը» կարող է մնալ արդարադատության նախարարի հրաժարականը»: