Ուսումնասիրություն. Ներկած եղունգները կարող են վնասակար լինել առողջության համար
ՀասարակությունԵղունգների զարդարումը ինքնարտահայտման հայտնի ձև է ամբողջ աշխարհում։ Բայց կարո՞ղ է դա որևէ վնաս հասցնել մարդու օրգանիզմին: Իրականում կոնկրետ պատասխան չկա։ Ըստ Հյուսիսային Կարոլինայի մաշկաբանի, ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից: Հիմնական մտահոգությունները պայմանավորված են երեք բանով. ծածկույթը հեռացնելու համար ացետոնի օգտագործմամբ, ֆորմալդեհիդով ավանդական լաքերով և գելային մատնահարդարմամբ: Այս ամենի մասին՝ հերթով:
Եղունգների ավանդական լաքերը հաճախ պարունակում են բաղադրիչներ, որոնք գրգռում են մաշկը և առաջացնում ալերգիա, դրանք են՝ տոլուոլը, ֆորմալդեհիդը և ֆորմալդեհիդը հանող միջոցը: Բացասական ազդեցություններից խուսափելու համար պետք է ընտրել ապրանքանիշեր առանց այդ նյութերի, բայց դա այնքան էլ հեշտ չէ, հայտնում է Hi-Tech Mail.ru-ն։ 2019 թվականի ուսումնասիրության համաձայն՝ փորձարկված 28 ապրանքանիշերից, որոնք «առանց ֆորմալդեհիդի» մակագրությունն ուեին, չորսը կեղծ էին:
Բայց որն է բացասական ազդեցությունը, բացի գրգռվածությունից և հազվադեպ ալերգիկ ռեակցիաներից: Պատասխանը պարզ է՝ քաղցկեղը։ Գիտնականների կարծիքով, մեծ քանակությամբ ֆորմալդեհիդի գոլորշիներ ներշնչելը հանգեցնում է հիվանդության զարգացման ռիսկի մեծացման։ Սա հատկապես վերաբերում է ոչ թե սովորական քաղաքացիներին, այլ արդյունաբերության աշխատողներին, զմռսագործներին, իսկ հազվադեպ դեպքերում՝ մատնահարդարներին:
Ըստ նույն մաշկաբանի, գելի հիմքով միջոցն ընդհանուր առմամբ անվտանգ է, սակայն դրա կիրառման եղանակի վերաբերյալ հարցեր կան։ Նախ, նման մատնահարդարումը կարծրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ, ինչը պոտենցիալ մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը, բայց այս հարցը լիովին չի ուսումնասիրվել: Երկրորդ՝ այն հեռացնում են խարտոցելով կամ թրջելով ացետոնի մեջ, ինչը մեծապես թուլացնում է եղունգի կառուցվածքը և այն ավելի բարակ դարձնում։
Բայց ամենակարևորն այն է, որ գելը երբեմն պարունակում է քիմիական նյութ, որը կոչվում է «մեթիլ մետակրիլատ»: Ի լրումն գրգռվածության և ալերգիայի, այն բավականին լուրջ փոփոխություններ է մտցնում օրգանիզմում, բայց միայն շատ երկար շփման դեպքում: Լավագույնն այն կլինի, եթե լաքը քսեք ընդմիջումներով, որի տևողությունը կախված է եղունգների վիճակից։

