ԱՄՆ դեսպանը փորձում է սեպ խրել Նիկոլ Փաշինյանի եւ Վահե Ղազարյանի միջեւ
ՆերքաղաքականԱյսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն տարածեց, որ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի եւ Պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդման. «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»:
Կառավարության մոտ կանգնած աղբյուրը, սակայն, կարծում է, որ ՆԳ նախարարի հետ դեսպանի հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ միայն աշխատանքային նպատակների համար չէր: Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, ամերիկյան կողմը նաեւ ներհայաստանյան վերջին հանրահավաքային ֆոնին ֆիքսեց, որ ՆԳ նախարարը շարունակում է հավատարմորեն գործակցել հին ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելին, որ թեեւ նախարարությունում նրա շուրջ մի շարք «ականներ» են շարված, բայց նախարարն ընդհանուր առմամբ վերահսկում է կառույցի գործունեությունը: Այսինքն, եթե «պատահաբար» անհրաժեշտություն առաջանա, որ ինչ-որ X պահի ուժային համակարգը հանկարծ դուրս գա Նիկոլի ընդհանրական վերահսկողությունից, ապա դա իրերի ներկա դրվածքով գործնականում անհնար է: Կարճ ասած, Նիկոլին «թախտից գցելու» ամեն մի փորձի դեպքում, անկախ, թե դրա արմատները որտեղից են գալիս, Վահեն հավատարիմ կմնա նրան, ու այդ դեպքում ամեն մի նման փորձ ենթական է ձախողման:
Եվ ահա, աղբյուրը կարծում է, որ նման հանդիպումներով ամերիկյան դեսպանը մի կողմից փորձում է տնտղել, թե Վահեի հավատարմությունը մինչեւ ուր է հասնում: Մյուս կողմից, թե ինչ է պետք, որ այդ հավատարմությունը խաթարվի: Ըստ աղբյուրի` կա նաեւ այլ նպատակ, որն էլ մասնավորապես այս հանդիպումը պաշտոնականացնելու գլխավոր պատճառն էր: Այն է՝ ցույց տալ կասկածամիտ Նիկոլին, որ իր մերձավորի հետ կան ակտիվ շփումներ: Այն հաշվարկով, որ ի հաշիվ կասկածամտության եւ վախի, այս ամենը կդառնա «սեւ կատու» Նիկոլի եւ Վահեի միջեւ: Եվ վերջինս այդ դեպքում ծայրահեղ իրավիճակներում կսկսի մտածել ոչ այնքան հին ընկերոջ, որքան սեփական մաշկի մասին:

