Մեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունի
Մշակութային
«Իրավունք»-ի զրուցակիցը ԱՐՄՈՒՇՆ է՝ Արման Խաչատրյանը, ով վերջին տարիներին ապրում եւ ստեղծագործում է Միացիալ Նահանգներում։ Թե ինչով է զբաղվում սիրված հումորիստ-դերասանը, փորձեցինք ճշտել անձամբ իրենից:
— Եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը, ի՞նչ այլ մասնագիտություն կցանկանայիք ունենալ։
— Պոկերի կամ անգլիական սնուկեռի չեմպիոն կցանկանայի լինել: Շատ եմ սիրում:
— Այժմ ի՞նչ նոր ծրագրի վրա եք աշխատում։
— Մեկ ամսից գալու եմ Հայաստան` նոր սիթքոմի նկարահանումների եւ զուգահեռ իմ առաջին մոնոներկայացման սցենարական աշխատանքների համար:
— Եթե լիներ հնարավորություն ֆիլմում նկարահանվելու եւ պատմական կերպարի դեր մարմնավորելու, ո՞ւմ կերպարում հանդես կգայիք։
— Ռոբին Հուդի:
— Ինչո՞ւ պատմական ֆիլմեր չի նկարվում;
— Եթե հայկական պատմական ֆիլմի մասին է խոսքը, ապա, կարծում եմ՝ խնդիրն առաջին հերթին կապված է բյուջեի հետ: Նախ պետք է մեծ բյուջե ու հովանավոր, որպեսզի նկարելուց նկարեն մաքսիմալ հզոր եւ ժամանակակից էֆեկտներով: Եվ հետո, այսօր, ցավոք, ավելի շատ վաճառվում է կոմերցիոն ֆիլմերի տոմսերը: Հանդիսատեսն ավելի շատ նախընտրում է այցելել նման ֆիլմի դիտման, քան կայցելի պատմական ֆիլմ դիտելու: Իհարկե, սա ասում եմ ցավով:
— Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:
— Եղավ այն, որ ցածր դասի մշակույթը ազատ հարթակ գտավ, որը սոցցանցն է՝ Յութուբ, Տիկ-Տոկ եւ այլն, ու որակը գնալով նվազեց:
— Ինչպես կգնահատեք ներկայիս կինոն, արվեստն ու մշակույթը:
— Ես չեմ կարող գնահատել, կարող եմ ուղղակի իմ ցանկությունը հայտնել: Շատ եմ ուզում, որ առաջինը վերականգնվի մշակույթի նախարարի պաշտոնը, այնուհետ նախարար նշանակվի մշակութային գործիչ, ով ճանապարհ անցած լինի, ով հասկանա արվեստից եւ, անշուշտ, մեծ կապեր կունենա աշխարհով մեկ, այդ ժամանակ ամեն բան կուղղվի: Մենք այդ զավակն ունենք, ով ապրում է մեր օրերում, պարզապես, պետք է ճիշտ ընտրություն անել: Առհասարակ, յուրաքանչյուր ազգ ճանաչում է ձեռք բերում իր մշակույթի եւ սպորտի միջոցով: Պիտի ասեմ, որ թատրոնը շարժվում է առաջ, որովհետեւ վերադարձել է թատերասեր հանդիսատեսը: Կար ժամանակ, որ միայն կոմերցիոն ներկայացումներ էին բեմադրում, սակայն այժմ պատկերը քիչ այլ է: Նաեւ ցավով պիտի ասեմ, որ կան թատրոններ, որոնք փակվում են, իսկ դա վատ է:
— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դերասաններին։
— Խորհուրդս հետեւյալն է՝ պետք է շատ աշխատել, շրջագայել, կարդալ ու որակով ֆիլմեր դիտել: Մի խոսքով՝ ինքնազարգանալ, անկախ ուսումից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=287391&l=am/