«ՄԻՆՉԵՎ ԲԱՆԱԿ ԳՆԱԼՍ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՍպորտIravunk.com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել վերջերս ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Գրեփլինգի Եվրոպայի բաց առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից, ծնունդով Էջմիածնից ՅՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- 66 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Հատուկ այս մրցաշարի համար 7 կգ քաշ եմ գցել, որպեսզի կարողանամ մասնակցել, ի դեպ, բավականին դժվար է քաշ գցելը։ No Gi ձևով դարձել եմ այս մրցաշարի հաղթող, պարտության եմ մատնել ազգությամբ կիրգիզ, ղազախ, ուզբեկ և տաջիկ հակառակորդներիս։ Շատ բարդ մրցաշար էր, մասնակցում էին Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններ, սակայն ինձ հաջողվեց հաղթել։ Շատ լավ է, որ տարեցտարի այս մարզաձևը գնալով ավելի է զարգանում, շատերն են պարապում այս մարզաձևով, ես զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, բազմաթիվ սաներ ունեմ, նրանց եմ փոխանցում իմ մարզական գիտելիքները, հմտությունները։ Իմ սաներից կան արդեն Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններ։ Ես հիմնականում հանդես եմ գալիս նաև խառը մենամարտերում /MMA /, բազմաթիվ հաղթանակներ եմ գրանցել այս մարզաձևում ևս։ Նշեմ, որ մինչև բանակ գնալս, Ուկրաինայում հաղթել եմ ադրբեջանցի մարզիկի։ Շատ ուրախացել էի այդ հաղթանակից հետո։
- Յուրի, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։
- Շատ ցավոտ թեմա է, ճիշտն ասած, երկար չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես ծառայում էի Արմավիրի զորամասում, պատերազմի ժամանակ տեղափոխվել եմ Կուբաթլու, կռվել եմ, պատերազմի 6-րդ օրը վիրավորվել։ Այնուհետև ապաքինվեցի ու ծառայությունս շարունակեցի Վարդենիսի զորամասում։ Պատերազմը շատ վատ բան է, կուզենամ, որ էլ երբեք չլինի։
- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հետագա հաղթանակներիդ։
- Ես էլ եմ շնորհակալ, որ ուշադրություն եք դարձնում մեզ, լուսաբանում մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

