«Ժողովուրդ». Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլն
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս անդրադարձել ենք ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին ու փոխանցել քաղաքացիներից ու ուժային կառույցների աղբյուրներից եկող մտահոգությունները կապված ծխախոտի անօրինական շրջանառության փաստերի հետ:
Պետք է արձանագրել, որ հրապարակումներից հետո ՊԵԿ-ն ու ոստիկանությունը հիմնականում արձագանքել են, ու իրականացվել են ձերբակալություններ, ստուգումներ: Ցավոք, իրավիճակը հեռու է բավարար լինելուց՝ շարունակում ենք ստանալ տեղեկություններ շուկայում անօրինական շրջանառության փաստերի վերաբերյալ:
Վերոնշյալ սպիտակ տուփերով ծխախոտի շրջանառությունը շարունակում է տեղի ունենալ, ու վաճառքները հիմնականում կատարվում են օնլայն հարթակների միջոցով, իսկ մարզերում՝ տանից տուն գնալով։ Տեղադրվում են հայտարարություններ վաճառքի մասին, դեպքեր են արձանագրվում նաեւ արտասահմանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներմուծման, ապա դրանք, հիմնականում, խոշոր քաղաքներից ու խոշոր խանութներից հեռու վաճառելու մասին:
Ստացվում է, որ պետությունը ստանձնում է պարտավորություններ, որոնք կա՛մ չի կարողանում իրացնել, կա՛մ դրանց հետեւանքով շուկան ողողվում է անօրինական արտադրությամբ: Իսկ սոցիալապես վատ պայմաններում բնակվող մեր քաղաքացիների համար, բնականաբար, նախընտրելի է էժան ծխախոտը: Կարճ ասած՝ պետությունը, կարծես թե, ի վիճակի չէ կարգավորված ու օրինական պայմաններ ապահովել:
Պետության անկարողության մասին մենք փորձեցինք զրուցել առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր զանգերին»:

