«ՀԱՂԹԵՑԻ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆ։
ՍպորտՎերջերս ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Գրեփլինգի Եվրոպայի բաց առաջնությանը լավ արդյունք են գրանցել մեր երկրի հավաքականի մարզիկները նվաճելով ընդհանուր 48 մեդալ, որից 19 ոսկե, 15 արծաթե ու 14 բրոնզե ։Թիմային հաշվարկում գրավել ենք առաջին պատվավոր հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, ծնունդով Էջմիածնի շրջանի Մոնթեավան գյուղից ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Սարգիս, հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ No Gi ձևով եմ հաղթել խեղդող հնարք կիրառելով ազգությամբ ղազախ հակառակորդի հանդեպ։ Ես նաև Երիտասարդների Աշխարհի բրոնզե մեդալակիր եմ, գրեփլինգի Հայաստանի բազմակի չեմպիոն։ Այս հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին, մաղթելով անփորձանք ծառայություն։ Հաղթանակը նոր մոտիվացիա տվեց ինձ հետագա մրցաշարերում ևս ոսկե մեդալ նվաճելու համար։ Ուստի, ջանք ու եռանդ չեմ խնայելու, կպարապեմ, որպեսզի հաջորդ մրցաշարերի ժամանակ ևս կարողանամ հաղթել։
Գրեփլինգի ֆեդերացիայի փոխնախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. - Գրեփլինգը Հայաստանում շատ մեծ թափ առնող, մեծ զարգացում, մասսայականություն ունեցող մարզաձև է համարվում։ Ընդամենը 4 տարի է, ինչ գործում է ֆեդերացիան, շատ հսկայական աշխատանք է տարվել այս 4 տարիների ընթացքում ֆեդերացիայի նախագահ ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆԻ կողմից։ Մենք ունենք նաև միջազգային կարգի սպորտի վարպետներ։ Մեր գլխավոր նպատակը առողջ սերունդ դաստիարակելն է, ամենակարևորը կտրվեն համակարգչային վնասակար խաղերից ու պարապեն մեզ մոտ, սպորտին շատ մեծ ուշադրություն դարձնեն։ Ուրախալի է, որ բացի քաղաքներից, գյուղական բնակավայրերում ևս շատ մեծ հետաքրքրություն կա այս մարզաձևի հանդեպ ու շատերն են պարապում։
Նշեմ, որ այս մրցաշարից առաջ Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը փայլուն հանդես եկավ ու մրցաշարի հաղթող ճանաչվեց ծնունդով Էջմիածնից ՄԱՐԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, իսկ Ռաֆիկ Թումանյանը, Լենդրուշ Մկրտչյանը և Հրաչյա Թադևոսյանը արծաթե մեդալի արժանացան։ Աշնանը սեպտեմբեր ամսին էլ կլինի Աշխարհի առաջնությունը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

