Հայտնի չէ սրանք իրականում ոստիկաննե՞ր են, թե՝ ոչ. Գեւորգ Պետրոսյան
Ներքաղաքական![Հայտնի չէ սրանք իրականում ոստիկաննե՞ր են, թե՝ ոչ. Գեւորգ Պետրոսյան](/timthumb.php?src=disc/30-05-24/cfbc4484f6133e8d48b57b585059c03e.jpg&w=780)
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր ոստիկանության գործողությունները ենթակա են մեկ նախադասությամբ որակելու՝ հակաժողովրդական եւ հակաօրինական։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ տարբեր բնորոշումներ կարող է տալ, սակայն մեկ բան ակնհայտ է՝ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները, թույլ են տալիս քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքներ եւ, հետեւաբար դրանք բոլորը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
- Ընդ որում, ես ուզում եմ նաեւ կոչ անել՝ հնչեցնելով իմ մասնագիտական կարծիքը, որ մարդու անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, որն ամրագրված է քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով՝ դա վերաբերում է բոլոր տեսակի ոտնձգություններին։ Այդ թվում նաեւ ոստիկանների կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության դեպքերին։ Այսինքն, եթե քաղաքացին անհրաժեշտ պաշտպանության է դիմում իր նկատմամբ հակաիրավական ներգործություն թույլ տվող անձի, այդ թվում՝ նաեւ ոստիկանի նկատմամբ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Այստեղ նորից պետք է կրկնեմ, որ լիարժեք գործում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը եւ այդ ոստիկանները ինչ-որ կոպեկների դիմաց վարձատրվում են ու դրա համար էլ ե՛ւ օրենքն են պատրաստ խախտել, ե՛ւ բարոյական նորմերը։ Պարզապես պետք է հաջորդ իշխանությունը հետեւողականորեն նրանց բոլորին ենթարկի պատասխանատվության։ Նրանք իրավունք չունեն ոստիկան կոչվելու։ Ոստիկանի կոչումն առավել բարձր է։ Նրանք փողոցային գռեհիկ ոստիկաններ են։ Ի դեպ, ոչ ոք քաղաքացուն մոտենալիս չի ներկայանում, չի ներկայացնում իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ճանապարհային երթեւեկության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողները կրում են իրենց համազգեստի վրա սարք, որը նկարում է՝ սրանք առհասարակ, ոչինչ չեն կրում եւ հայտնի չէ սրանք իրականում ոստիկաննե՞ր են, թե՝ ոչ։ Այդ հարցն էլ պետք է ուշադրության առարկա դարձնել։ Գուցե իրականում իրենք բացարձակապես կապ չունեն ոստիկանության ծառայության հետ եւ ինչ-որ բերված մարդիկ են, ովքեր հրահանգով գրոհում են իրենց խաղաղ երթն իրականացնող քաղաքացիների վրա, կիրառում են տարբեր տեսակի բռնություններ, այդ թվում` նաեւ պատճառում մարմնական վնաս՝ առայժմ մնալով անպատիժ։
Այսօր Դուք կարող եք նաեւ հրապարակայնորեն հնչեցնել այն խնդիրը, որ որեւէ ոստիկան իր, այսպես կոչված, ծառայության ընթացքում իրականացրած որեւէ բռնարարքի համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել։ Արդյո՞ք օրինական են ոստիկանության գործողությունները։ Իհարկե` ո՛չ, քանի որ ոստիկանության մասին ՀՀ 2011 թ.-ի ապրիլի 16-ի օրենքի համաձայն՝ ոստիկանության հիմնական գործառույթը ժողովրդի պաշտպանությունն է։ Նրանց աջակցելն է՝ խաղաղ հավաքների ընթացքում, ցույցերի ընթացքում եւ ոչ թե մարդկանց նկատմամբ տարբեր բռնարարքներ գործադրելը։
- Հատկապես կարմիրբերետավորներն այս օրերին աչքի ընկան իրենց խայտառակ վարքագծով՝ Բագրատ սրբազանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ, էլ չասենք ցուցարարներին բիրտ ուժով ձերբակալությունների մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
- Նրանք հավանաբար ինչ-որ դրամի դիմաց զբաղված են նման արարքներով, իսկ առավել ստույգ կերպով եթե իրավաբանական գնահատական տանք՝ սա հանցագործություն է, պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Հիշեցնեմ, որ Քրեական օրենսգրքում կա 478-րդ հոդվածը՝ անձանց ապօրինի ձերբակալելու մասին։ Շատ հաճախ, երբ ասում են բերման ենթարկել՝ պետք է խնդրեմ, որպեսզի այդ տերմինը հանենք շրջանառությունից, քանի որ բերման ենթարկում են քրեական վարույթի առկայության դեպքում, իսկ սա ոչ թե բերման ենթարկել է, այլ վարչական ձերբակալում է։ Սակայն Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածում նշվում է, որ քրեական պատասխանատվություն են նախատեսում անձի ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու համար։ Այժմ այդ բոլոր կարմիր գլխարկ տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության՝ ապօրինի ձերբակալման համար, քանի որ մենք երբ վիճակագրությունն ուսումնասիրում ենք՝ ձերբակալված անձանց 99 %-ը երեք ժամից ազատ են արձակվել։
Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը ճիշտ գնահատելով իրավիճակը, ճիշտ իրավական գնահատական տալով փաստերին՝ համարում է, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, քանի որ եթե ձերբակալումը լինի իրավաչափ, ապա դրան պետք է հաջորդի կալանավորումը, որը չի լինում։ Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիներին այդ կարմիր գդակավոր, այդ անգրագետ հիմարները գիտակցաբար, որ իրենք ապօրինի հրաման են կատարում՝ վերցնում են եւ մարդկանց ձերբակալում են։ Սակայն Քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածը հստակ կերպով սահմանում է, թե ե՞րբ է իրավաչափ հրամանի կատարումը եւ հրամանի կատարումը ե՞րբ է առաջացնում պատասխանատվություն, ե՞րբ է պետական ծառայողը ազատվում հրամանի կատարման դեպքում քրեական պատասխանատվությունից։
Այնպես որ, բոլոր այս իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ստացվում է, որ կարմիր գդակավորները պետական բյուջեից, (իսկ ավելի ստույգ՝ իրենց աշխատավարձը գոյացնող հարկատուների հաշվին զբաղված են այդ հարկատու քաղաքացիներին բռնելով եւ ապօրինի ձերբակալելով, խոշտանգելով ու նման այլ իրավախախտումներ թույլ տալով)։
- Նշեցիք, թե ոստիկանների կողմից որքան օրենքներ են խախտվում այս օրերին։ Ըստ Ձեզ, հնարավո՞ր է ակնկալել, որ օրենքով սահմանված կարգով նրանք ենթարկվելու են պատասխանատվության։
- Գիտեք, անգրագետ մարդը նաեւ անհեռատես է։ Քանի որ հիմնականում այդ կարմիր եւ սեւ բերետավորների ընդհանուր զանգվածը գոյացած են հենց անգրագետներից, նրանք նաեւ անհեռատես են, չեն հավատում, որ գալու է իրենց պատասխանատվության պահը։ Իհարկե, պատգամավորին հայհոյելը եւ, ընդհանրապես, ցանկացած անձի հայհոյելը հրապարակային միջավայրում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցանք է։ Մինչդեռ իրենք հույս ունեն, որ չեն պատժվելու։ Իրենք կուրացել են այդ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձի բույրից, ինքնախաբեության հետ «գրկախառնված» ապրում են իրենց համոզել են, թե իբր իրենք չեն պատժվելու։ Սակայն չկա հանցանք, որը չպատժվի։ Ես անձամբ լինելու եմ քաղաքական այն ուժի կողքին, ով հավաստի կհամոզի իր ողջամիտ խոսքով, որ իշխանության գալու դեպքում բոլոր այս ծառայողները հաջորդ օրը պետք է ազատվեն աշխատանքից եւ գնան իրենց նախկին զբաղմունքին՝ մեկը ծխախոտ վաճառող, մյուսը գումար հավաքող, մեկը հանցագործ, մյուսը՝ ավազակ։ Նրանք բոլորը պետք է գնան իրենց նախկին զբաղմունքին, քանի որ այսպիսի պետական մակարդակով տեռոր՝ ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Ես երբեւէ որեւէ իշխանության պաշտամունքով չեմ զբավել, բայց հանուն ճշմարտության՝ այսպիսի պետական մակարդակով սեփական ժողովրդի նկատմամբ տեռոր, ո՛չ մի իշխանություն իրեն թույլ չի տվել եւ այս ամենն արվում է ոչ թե ինչ-որ հանուն Հայաստանի անկախության, հանուն Հայաստանի ինքնիշխանության, այլ հանուն փռչոտի՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Մեկ անձի, մեկ փռչոտի իշխանությունը պահպանելու համար՝ այսօր իրականացվում է նման համապետական տեռոր։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=284707&l=am/