Երկուսին էլ հաղթել եմ 2։0 հաշվով. ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԺԻՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՍպորտՎերջերս, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի 19-րդ առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչները գրանցել են պատմական, աննախադեպ նվաճում, նվաճելով 12 մեդալ, որից 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։ 3 մարզիկներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների, իսկ 4 մարզիկներ մեծահասակների մրցապայքարում։ Մեծահասակների մրցապայքարում ոսկե մեդալ են նվաճել ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ 65 կգ, Արսեն Բագրյանը /արցախցի /60 կգ, Դավիթ Իսախանյանը /արցախցի / և Ժիրայր Պետրոսյանը 60 կգ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Եվրոպայի նորընծա չեմպիոն ԺԻՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Ժիրայր։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա սկզբից հաղթեցի պորտուգալացի մրցակցիս, ապա Ռումինիայի ներկայացուցչին։ Երկուսին էլ հաղթել եմ 2։0 հաշվով։
Երկու մենամարտն էլ բավականին դժվար անցան։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր անմահ հերոսներին, իմ լավագույն ընկերոջ ԱԶՆԻՎ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Այս հաղթանակը դեռ սկիզբն է, ես սրանով չեմ բավարարվելու, պիտի պատրաստվեմ Աշխարհի առաջնությանը, որը կկայանա արդեն հաջորդ տարի։ Ուշու - սանդան մեր երկրում արդեն բավականին տարածված մարզաձև է համարվում, թարգմանաբար նշանակում է ազատ մենամարտ։
Առիթից օգտվելով, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ավանդական ուշու - սանդայի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, մշտապես մեր կողքին լինելու և մեզ համար ջանք ու եռանդ չխնայելու համար։ Ինչպես նաև, շատ շնորհակալ ենք մեծահասակների գլխավոր մարզիչ ՄՈՒՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, նրա քրտնաջան մարզումների շնորհիվ է, որ արժանացանք չեմպիոնության։
- Շնորհակալություն, Ժիրայր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

