«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ
ՍպորտՎերջերս, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է լեգենդար մարզուհի ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ անվան ամենամյա հուշամրցաշարը։ Զինաիդա Սիմոնյանը եղել է Աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ Նրա անվան հետ են կապվել 50-ից ավելի ռեկորդներ։ Զինաիդա Սիմոնյանի անունը կրող հուշամրցաշարը անցկացվել է 13-րդ անգամ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել այս հուշամրցաշարի հաղթող, Եվրոպական խաղերի և Աշխարհի գավաթի փոխչեմպիոն ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակն ու մրցաշարը.
- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Օդամղիչ ատրճանակ 10 մ 60 կրակոց վարժությունում հաղթել եմ ու ոսկե մեդալի արժանացել։ Երկրորդ տեղը գրավեց Նորայր Առաքելյանը, երրորդ տեղը Գևորգ Մելքոնյանը։ Աղջիկներից անվանի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ոսկե, Էդիտա Մանուչարյանը արծաթե և Նարե Գաբրիելյանը բրոնզե մեդալ նվաճեցին։ Մասնակցում էին Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրիի հրաձգության մարզադպրոցի և Վանաձորի թիմերը։ Նշեմ, որ այս տարվա սկզբին, հունվար ամսին Սլովակիայի Ռուսե քաղաքում կայացած ISSF Grand Prix միջազգային մրցաշարի ժամանակ 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում փոխչմպիոն եմ դարձել Էլմիրա Կարապետյանի հետ մասնակցելով։ Հանդես ենք եկել որպես այս մրցաշարում մասնակից - զույգ։
- Բենիկ, որն է քո հաջողության գրավականը:
- Նվիրվածությունը, մեծ հավատը, կամքի ուժը, նպատակասլացությունը, Աստծո հանդեպ վստահությունը։
- Հիշարժան մրցաշար եղե?լ է քո մարզական կարիերայում:
- Գրան պրիի հաղթող եմ դարձել, դա շատ հիշարժան էր ինձ համար։ Ես 2014 թվականից եմ սկսել պարապել այս մարզաձևով հրաձգությամբ։
- Բենիկ, հետագա ծրագրերի մասին ինչ կասես:
- Պատրաստվում եմ արդեն Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա հունիսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում, այն կլինի վարկանիշային Փարիզում կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերի համար։ Պիտի պայքարեմ, որպեսզի նվաճեմ Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մեր երկրում 1920 թվականից են սկսել պարապել այս մարզաձևով, ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրվողների թիվը։ Մեր երկրում զարգացման ճանապարհին է այս մարզաձևը։
- Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար:
֊ Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին:
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

