«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ
ՍպորտՎերջերս, Հայաստանի Բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճել է 7 մեդալ, որից 2-ը արծաթե և 5-ը բրոնզե։ Տղամարդկանց ընտրանին 35 երկրների պայքարում գրավել է 4-րդ տեղը, իսկ կանայք 5-րդ։ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանն /48 կգ / ու Նարեկ Մանասյանը /92 կգ /։Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել այս Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած, Եվրոպայի գավաթակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Նարեկ, այս նվաճման առթիվ։
-Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ ունեցա։ Մեկնարկային մենամարտի ժամանակ, առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեցի ազգությամբ սլովակ մրցակցիս։ Ի դեպ, նշեմ, որ այս մրցակցիս ես հաղթել էի նաև Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, գիտեի, թե ինչպիսի մարզիկ է, թույլ և ուժեղ կողմերին ծանոթ էի։ Երկրորդ մենամարտում, կրկին 4։1 հաշվով հաղթեցի արդեն Մոլդովայի ներկայացուցչին, որը բավականին ուժեղ, փորձառու հակառակորդ էր։ Վնասվածք էլ ստացա, սակայն կարողացա հաղթել նրան։
Կիսաեզրափակչում էլ հաղթեցի Ադրբեջանի ներկայացուցչին, ով կուբացի է, Աշխարհի փոխչեմպիոն էր, նրան ևս 4։1 հաշվով եմ հաղթել։ Եզրափակիչ մենամարտին հրաժարվեցի մասնակցել վնասվածքի պատճառով։ Մարզիչների հետ քննարկելուց հետո, եկանք այն եզրակացության, որ ավելի լավ է եզրափակչին չմասնակցեմ, որ հանկարծ վնասվածքը ավելի չխորանա, քանի որ շուտով պիտի Թաիլանդում մասնակցեմ Օլիմպիական վարկանիշային մրցաշարի։ Կարևորը, կարողացա հաղթել նաև Ադրբեջանի ներկայացուցչին։
- Նարեկ, որ մենամարտը ավելի բարդ անցավ։
- Մոլդովացու հետ մենամարտը ծանր անցավ, քանի որ վնասվածք ստացա։
- Երբ ռինգ ես դուրս գալիս, ինչի մասին ես միայն մտածում։
- Ամենակարևորը ճիշտ մենամարտ անցկացնելու, միայն հաղթանակի մասին։ Պիտի ջանք չխնայեմ, որպեսզի կարողանամ Թաիլանդում նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։
- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու, բացառիկ զրույցի համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

